Քաջարանի բնակչությունը սկսել է ընդհանուր աղբից առանձնացնել պլաստիկ շշերը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ու նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բնապահպանական բաղադրիչի շրջանակում Քաջարան համայնքին տրամադրվել է պլաստիկ թափոնների հավաքման 30 աղբաման: Դրանք տեղադրվել են քաղաքի բանուկ թաղամասերում՝ խանութների և հասարակական վայրերին հարակից տարածքում, բակերում, ինչպես նաև դպրոցների մոտ: Այս նախաձեռնության շնորհիվ քաղաքում շատ կարճ ժամանակահատվածում բնակչությունը սովորեց տարանջատել ըմպելիքի, կաթնամթերքի և ջրի պլաստիկ շշերը: Աղբամանների մեջ դեռ շատ քիչ քանակի այլ աղբ է նետվում, սակայն Քաջարանի փոխքաղաքապետ Կարեն Տորոսյանի կարծիքով` ժամանակի ընթացքում դա էլ կշտկվի, քանի որ նախաձեռնությունը նոր է, և քաղաքապետարանն ակտիվ աշխատանք է տանում բնակչության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից:
Քաջարանցիների հավաստմամբ` սա շատ լավ նախաձեռնություն էր, որին կարծես թե բոլորը պատրաստ էին: Քաջարանի կոմունալ ծառայությունն առայժմ հավաքված շշերը տեղափոխում և հավաքում է հատուկ տրամադրված տարածքում: Մոտ ժամանակում ԵՄ կողմից ֆինանսավորվող և արդեն հաստատված ծրագրի շրջանակում Քաջարանին կտրամադրվի մամլիչ սարքավորում, և կկազմակերպվի պլաստիկ բրեկետների տեղափոխումը Կապան քաղաք, որտեղ նախատեսվում է հիմնել պլաստիկ թափոնների վերամշակում և ճանապարհային սալիկների և տանիքի կղմինդրի արտադրություն:
Հոկտեմբերի 10-ին Քաջարանի համար 2 դպրոցի բնապահպանական լսարանում անցկացվեց պլաստիկ թափոնների հավաքման, վտանգի, վերամշակման հնարավորությունների վերաբերյալ սեմինար-քննարկում, որին ներկա էին քաղաքի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, դպրոցի ուսուցչական կազմը և տնօրենը, Կապանի հասարակության մասնակցության Օրհուսի և Կանանց ռեսուրս կենտրոնի համակարգողները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանը և Կայուն զարգացման գծով միջազգային տնօրենը, քաղաքապետարանի աշխատակիցները և USAID/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգողը: Սեմինարի կազմակերպումը, պլաստիկ թափոնների վտանգի և վերամշակման վերաբերյալ բուկլետների տպագրությունը կազմակեպել էր Քաջարանի քաղաքապետարանը՝ 2016 թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:
USIAD/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլաստիկ թափոնների վտանգի, դրանց հավաքման և վերամշակման հնարավորությունները Սյունիքի մարզում, այդ տարածաշրջանում կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող այլ ծրագրեր: Վերջում ակտիվ քննարկում ծավալվեց այս հարցի վերաբերյալ:
Քաջարանն այն համայնքներից է, որտեղ մարդիկ գիտակցում են հանքարդյունաբերության վտանգի մասին, սակայն աշխատատեղերի առկայությունը գերակայում է այդ գիտակցության նկատմամբ: Քաջարանը գտնվում է Սյունիքի մարզի այն 8 համայնքների ցանկում, որոնք «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «օգտվում են» հանքարդյունաբերական ձեռնարկության վճարած բնապահպանական վճարներից:
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը տարեկան վճարում է օդի և ջրային ռեսուրսների աղտոտման համար միջինում 8 մլն ՀՀ դրամ բնապահապանական վճարներ, որոնք կուտակվում են պետական բյուջեում և հետագայում սուբվենցիաների տեսքով՝ բնապահպանական և առողջապահական ծրագրերի շնորհիվ, վերադառնում համայնք: 2016 թ. Կուտակված բնապահպանական վճարներից մոտ 2 մլն ՀՀ դրամը հատկացվել է համայնքի բնապահպանական կրթության և իրազեկման բարձրացմանը:
Ծրագրային առաջարկը ներկայացվել էր ՀՀ Բնապահպանության նախարարություն`«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի աջակցությամբ: