Հասարակական

ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսին ներկայացվեց Զինված ուժերի ժամանակակից զինանոցը

4 րոպեի ընթերցում

ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսին ներկայացվեց Զինված ուժերի ժամանակակից զինանոցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն անցավ շարված բոլոր ստորաբաժանումների մոտով` ողջունելով և շնորհավորելով նրանց ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Այնուհետեւ նախարարը զեկուցեց ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին զորահանդեսի պատրաստության մասին, ինչից հետո տրվեց զորահանդեսի մեկնարկը:

Զորահանդեսին տրիբունայից հետևում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, այլք:

Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Այնուհետև երկինքը հայոց եռագույնի գույներով ներկեց գրոհային ինքնաթիռների խումբը, որոնց հետևեցին ինքնաթիռների մարտակարգերը, ՄԻ 24 և ՄԻ 8 ուսումնական ուղղաթիռները: Հրապարակ` ռազմական տեխնիկայի մուտքի մեկնարկը տվեցին հետախուզական և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Ծանր զրահատեխնիկան բերվեց հատուկ քարշակների վրա: Դրանց հետևեցին հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ հրապարակ բերվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող «Կռունկ» սարքերը:

Այնուհետև հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։ ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

Հայկական զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ ցուցադրեցին նաեւ իրենց շարային բարձր պատրաստվածությունը` մարտական զենքով բարդ հնարքներ եւ շարանցում իրականացնելով: Զորահանդեսը եզրափակեցին պատվո պահակային վաշտը եւ ԶՈՒ միացյալ փողային նվագախումբը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում