Հասարակական

ԱԺ-ն Տիգրան Հակոբյանին ընտրել է ՀՌԱՀ անդամ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Տիգրան Հակոբյանին ընտրել է ՀՌԱՀ անդամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը Տիգրան Հակոբյանին ընտրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության համար առաջադրվել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 111-ը: Քվեաթերթիկներից երկուսն անվավեր են ճանաչվել, կողմ է քվեարկել 105, դեմ՝ 4 պատգամավոր: Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Տիգրան Հակոբյանը»,- հայտարարեց Ավետիսյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց Տիգրան Հակոբյանին՝ մաղթելով նրան հաջողություն և հույս հայտնելով, որ նա կկարողանա արդարացնել այն սպասելիքները, որ ունեն պատգամավորները և հանրությունը:

ՀՌԱՀ նորընտիր անդամ Տիգրան Հակոբյանն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներին՝ վստահության համար:

«Ես այսպիսի արդյունք չէի սպասում: Իսկապես շատ շնորհակալ եմ, սա շատ պարտավորեցնող է: Կարճ ելույթի և հարց ու պատասխանի ընթացքում շատ դժվար է նկարագրել բոլոր այն խնդիրները, որ կան ոլորտում: Եվս մեկ անգամ վստահեցնում եմ, որ իմ գործընկերների, բոլոր շահագրգիռ կողմերի հետ անելիք ունենք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ արդյունավետ լուծում տալու համար այն բոլոր մարտահրավերներին, որ ծառացել են մեր էլեկտրոնային մեդիայի առջև»,- եզրափակեց Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանը 1995-1998 թվականներին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում