Արցախ

Լիբանանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հայ համայնքի լիրաժեք կենսագործունեության համար

2 րոպեի ընթերցում

Լիբանանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հայ համայնքի լիրաժեք կենսագործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ապրում է շուրջ 150 հազար հայ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մերձավոր Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը, Լիբանանի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական համայնքն է:

«Լիբանանում ապրող հայերը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում: Լիբանանում ունենք քաղաքական ներկայություն, պաշտոնապես ճանաչված համայնք ենք, խորհրդարանում ունենք պատգամավոր, կառավարության մեջ` ներկայացուցիչներ: Վստահաբար կարող եմ ասել, որ Լիբանանում բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծված են հայ համայնքի լիրաժեք կենսագործունեության համար: Այդ ամենը մեզ համար ապահովված է Լիբանանի Սահմանդրությամբ, մենք բոլոր իրավունքներից օգտվում ենք այնպես, ինչպես մյուսները»,-ասաց Վերա Յակուբյանը: Նրա տեղեկացմամբ` հայկական թաղամասերում կան և’ հայկական դպրոցներ, և’ եկեղեցիներ, և’ ակումբներ, և’ հայրենակցական միություններ: Հայերը կենտրոնացած չեն մեկ քաղաքում կամ շրջանում, տարածված են Լիբանանի ամբողջ տարածքով:

Անդրադառնալով խնդիրներին` Վերա Յակուբյանը նշեց, որ այս շրջանում հիմնականում տնտեսական հարցերն են: Միջին Արևելքի պատերազմական գործողությունների պատճառով պայմանների որոշ դժվարություն է նկատվում:

«Չնայած դժվարություններին, դպրոցներին, մշակութային, մարզական միություններին փորձում ենք աջակցել: Հիմա սիրիահայերի հարցն էլ է ավելացել, բայց դա չի նշանակում, որ մենք մեկ այլ տեղում թերանում ենք: Այո, ունենք դժվարություններ, սակայն ստեղծում ենք հնարավորություններ նաև օրակարգ եկած այլ հարցերի հետ կապված: Օրինակ, օրակարգային դարձավ Արցախին աջակցելու հարցը: Եվ մենք, ինչպես նաև սիրիահայությունը օժանդակությունը ցուցաբերեցինք: Այնպես որ, որքան էլ Միջին Արևելքում իրավիճակը ծանր է, միևնույն է Հայաստանն ու Արցախը միշտ մեր օրակարգում են»,-հավելեց Վերա Յակուբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում