Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության կասկածյալը ձերբակալվել է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է:Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկվել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 10-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը:Սպանված ընտանիքի անդամները հայ են` Խաչոտյաններ: