Արցախ

Օբաման պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Օբաման պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն Է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված Է երկու ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Օբաման պատրաստակամություն Է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվացնելու ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասված Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել Էր, որ Պուտինը հեռախոսով Օբամային՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրի ղեկավարի իրազեկել Էր հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Երկու պետությունների ղեկավարների միջեւ զրույցը կայացել Է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

«Պուտինն ընդգծել Է, որ բանակցություններ կազմակերպելիս Ռուսաստանը հիմք Է ընդունել հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացմանն աջակցելու եւ հաշտության գործընթացի առաջշարժման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Բարաք Օբաման բարձր գնահատական Է տվել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Համաձայնություն Է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են Կրեմլում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում