Արցախ

Հունաստանի հայ համայնքը Արցախին նվիրաբերելու է ավելի քան 60 հազար եվրո

2 րոպեի ընթերցում

Հունաստանի հայ համայնքը Արցախին նվիրաբերելու է ավելի քան 60 հազար եվրո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին Հունաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ Արցախի զորակցության եւ օժանդակության նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 60 հազար եվրո:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրամահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել ոչ միայն հենց կազմակերպիչներն ու կամավորները, այլեւ հունահայ համայնքի յուրաքանչյուր անդամ՝ ընդառաջելով Արցախի Օժանդակության Ֆոնդի նվիրատվության կոչին։

Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկոյան 8-ը ավելի քան 80 կամավորներ կապ են հաստատել Աթենքի, Թեսալոնիկի եւ Թրակիոյի շրջանների հայրենակիցների հետ Ադրբեջանի թշնամական հարվածներին դիմագրավող Արցախի հայոց բանակին եւ քաջարի ժողովրդին նյութապես օգնություն ցուցաբերելու դիմումով։ Օգնության նպատակով դրամահավաքի կազմակերպելու կոչով վերջերս հանդես են եկել նաեւ Արցախի Օժանդակության Ֆոնդը, որը ներառում է Հունահայերի Ազգային Վարչությունն ու Թաղականությունները, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ Կապույտ Խաչը, Հայ Գթության Խաչը, Համազգայինը, Հ.Մ.Ը.Մ.ը եւ Հ.Յ.Դ. Հունաստանի Երիտասարդական Միությունը։ Դրամահավաքի ընթացքում կազմակերպիչներին է այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի ընկերակցությամբ:

Արցախի Օժանդակության Ֆոնդը շարունակում է գործել, իսկ արդեն նվիրաբերված գումարը փոխանցվելու է Արցախի կառավարությանը ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքները հոգալու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում