Վաշինգտոնում հայկական գինիների համտես-ընդունելություն է տեղի ունեցել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում մայիսի 19-ին տեղի ունեցավ հայկական գինիների համտես-ընդունելություն: «Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություն Վաշինգտոնում ներկայացրեցին Հայաստանի գինիները: Հյուրերի համար մատուցվում էին Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը ուղեկցվեց Լեվոն Միքայելյանի ջազ տրիոյի կատարումներով:
Ներկայացված էին «Keush, Highland Cellars» (Կուր), «Հին կամուրջ», «Վան Արդի», «Ոսկենի», «Կարաս», «Տրինիտի», «Կատարո» գինի արտադրող ընկերությունները: Ավելի վաղ «Vineyards of Armenia» կազմակերպությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Նյու Յորքում և Վաշինգտոնի Սմիթսոնյան հաստատությունում: Հայ գինեգործները հաջող քայլեր են ձեռնարկում ամերիկյան շուկա մտնելու և գինու արտահանումն ընդլայնելու ուղղությամբ: