Չեթինօղլուն թվարկում է Թուրքիայում հայերի սեփականություն տարածքները, որոնք պետք է վերադարձվեն իրական ժառանգներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, մի հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշեց Չեթինօղլուն:

Նա անդրադարձավ այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունը իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից «Իսլամական պետությանը» տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից:

Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար... Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԻՊ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասպանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստեց մտավորականը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասաց, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիմի հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում:

Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծեց Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:

Նա հստակ քայլեր առանձնացրեց, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման:

« Նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու:

-Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Որպես հավաքական պատասխանատվության մի մաս ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915 թվականին ի՞նչ էր անում:

-Որպես ցեղասպանության հավաքական պատասխանատվություն բոլորը պետք է իրենց պարտքը համարեն ներողություն խնդրելը:

-Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող մերօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին...

-Քաղաքական կուսակցությունները կարող են ցանկություն հայտնել հստակեցնելու, թե ցեղասպանության հետևանքով ուրիշի սեփականությանը տիրացած պաշտոնյաներն ի՞նչ պայմաններով են վերադարձնելու սեփականությունն իրական ժառանգներին: Նման ցանկություն գլխավորապես պետք է հայտնեն ազատության և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները:

-Գալով անհատներին՝ կարևոր է, որ մտավորականներն այս հարցում առաջնորդություն անեն:

-Պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները:

-Առանց մարդկանց ցանկությունը հաշվի առնելու բնակչության փոխանակության շուրջ համաձայնության եկած պետությունները պետք է ներողություն խնդրեն:

-Արխիվներն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար:

-Քաղաքացիություն և բնակչության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն:

Միայն այս ամենից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակեց նա:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

Պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ոչ սթափ 410 վարորդ

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել

Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար