ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ: Մասնավորապես, Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին գրավոր հարցադրում ներկայացրել: Դրանում պատգամավորը հանձնակատարին հորդորել է քայլեր ձեռնարկել` հրադադարի պահպանման և ամրապնդման ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունից, Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Խորդի Սեբաստիան նշել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նամակ է հղել Մոգերինիին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերած բռնությունների փաստերը: Նա հորդորել է Եվրոպական միությանը վերջ տալ հրադադարի խախտման հարցում «կողմերին կոչեր անելուց», այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը:
Սեբաստիան վերջերս եղել է և Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Ապրիլի 12-ին նախատեսվում է նաևԵվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության ընդունումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: