Արցախ

Ադրբեջանցիները սադրիչ գործողությունների են դիմում ITB-Berlin զբոսաշրջային ցուցահանեսում ԼՂՀ մասնակցությունը դադարեցնելու նպատակով

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները սադրիչ գործողությունների են դիմում ITB-Berlin զբոսաշրջային ցուցահանեսում ԼՂՀ մասնակցությունը դադարեցնելու նպատակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մարտի 12-ին դադարեցրել է իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցությունը: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից, Ադրբեջանի տաղավարի վրա կպցվել են պաստառներ, որոնցով ազդարարվում է իրենց դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արցախի մասնակցությունը թույլ տալու համար: Միևնույն ժամանակ, բազմաթիվ ադրբեջանցիներ պետական դրոշներով շրջափակելով Արցախի տաղավարը, անհաջող փորձեր են ձեռնարկել խափանելու արցախցիների աշխատանքը: Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի շուրջը, փորձելով նաև վնասել այն: Սակայն Արցախի տաղավարի շուրջ են հավաքվել նաև ցուցասրահում գտնվող Հայաստանի Հանրապետության տաղավարի մասնակիցները` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին:

Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը` անտեսելով ցուցարարների դիմադրության փորձերը, նրանց դուրս է արել սրահից: Ցույցի ցրումից հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր արդյունավետ աշխատանքը: Ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ փիառ-գովազդ հանդիսանալով Արցախի համար:

Ինչպես արդեն հրապարակվել էր, Արցախի պատվիրակությունը մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ:

ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսը կարևոր է նաև երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ այն հյուրընկալում է զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետների ու ընկերությունների, և Արցախի մասնակցությունը տվյալ միջոցառմանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր նշանակություն է ստանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում