ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ներման խնդրագրով դիմելու ցանկություն չի հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման: