Սպորտ

ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահը Ցյուրիխում բացել է կազմակերպության թանգարանը

2 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահը Ցյուրիխում բացել է կազմակերպության թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջանի Ինֆանտինոն, ով փետրվարի 26-ին ընտրվել է Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միության` ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, Ցյուրիխում կազմակերպության թանգարան է բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս իրադարձությունն առաջին պաշտոնական միջոցառումն է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահի համար:

«Թանգարանի բացումը կարևոր իրադարձություն է ինչպես ֆուտբոլի պատմության, այնպես էլ ինձ համար, քանի որ սա առաջին միջոցառումն է, որին ես մասնակցում եմ որպես ՖԻՖԱ-ի նախագահ: Թանգարանի բացման մտահղացումը ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերինն է, իսկ ես իմ հերթին ուրախ եմ, որ նրա այս գաղափարը հնարավոր եղավ իրականություն դարձնել»,-ասել է Ինֆանտինոն:

«ՖԻՖԱ-ի նախագահ լինելը աննկարագրելի զգացողություն է: Ինչից եմ ես վաղն սկսելու իմ աշխատանքային օրը՞. այդ մասին կխոսենք վաղը: Այսօր մենք կբացենք թանգարանը: Իսկ իրականում մեր գլխավոր խնդիրը ՖԻՖԱ-ի կողմից հաստատված փոփոխությունների պլանն ինչքան հնարավոր է շուտ մեկնարկել է»,-ավելացրել է նա:

Ֆուտբոլի պատմությանը նվիրված ավելի քան 1000 ցուցանմուշները տեղակայված են մոտ 3 հազար քառակուսի մետր տարածքում: ՖԻՖԱ-ն թանգարանի շինարարության գործում ներդրել է 30 մլն շվեյցարական ֆրանկ: Բացի ցուցանմուշներից, թանգարանում կա նաև գրադարան, սպորտբար, սրճարան, կինոթատրոն և պինբոլի համար նախատեսված հսկայական տարածք: Նոր թանգարանի ցուցանմուշների շարքում իրենց արժանի տեղն են զբաղեցնում նաև տարբեր տարիների չեմպիոնների նվաճած գավաթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում