ՏԱՑ-ի 5.5 տոկոս աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. փետրվարի 22-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105.5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են. արդյունաբերությունը` աճի տեմպը կազմել է 115.7%, ծառայությունները` աճի տեմպը կազմել է 105.1%, շինարարությունը` 105.1% և գյուղատնտեսությունը` 101.5%: Առևտրի շրջանառության աճի տեմպերը կազմել են 97.3%:

Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ զգալի աճ է արձանագրվել շինարարության ոլորտում (5.1%): Տնտեսական ակտիվության ցուցանիշի, մասնավորապես շինարարության և արդյունաբերության աճերին դրական է նպաստել նաև 2015թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների աճը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոնշյալ դրական ցուցանիշները արձանագրվել են խիստ անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում (պղնձի համաշխարհային գների անկում, տրանսֆերտների նվազում, Ռուսաստանի տնտեսության անկում և դրանից բխող հետևանքներ և այլն):

Ընդհանուր առմամբ, 2016թ. հունվար ամսվա դրական միտումները պայմանավորված են նախորդ ժամանակաշրջանում վերը նշված, ինչպես նաև տնտեսության դիֆերսիֆիկացմանը և ՓՄՁ զարգացմանն ուղղված աշխատանքներով և դրված հիմքերով, հատկապես արդյունաբերության ոլորտում: Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 129.4%, էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում` 100.4%:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2015թ. հունվարի համեմատությամբ 2016թ. պղնձի գները նվազել են 20.4%-ով, իսկ մոլիբդենինը` 41.7%-ով):

Հանքագործական արդյունաբերության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մի շարք ընկերություններ, որոնք 2015թ. 4-րդ եռամսյակում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ (արտադրական գործընթացը կասեցվել էր) և պաշարների գնահատման աշխատանքներ, արդեն սկսել են արտադրանքի թողարկումը, միաժամանակ շահագործման մեջ են դրվել նոր արտադրական հզորություններ:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում. «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` 3.6 անգամ, «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 2.2 անգամ, «Հագուստի արտադրությունում»` 168.3%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 157.8%, «Մեքենաների և սարքավորանքի արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում»` 127.4%, «Խմիչքների արտադրությունում» աճի տեմպը` 121.9%, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` 106.4%, «Դեղագործական արտադրանքի արտադրությունում»` 104.6%: Աճ գրանցած ենթաճյուղերի տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունում կազմում է 50.2%: Ընդ որում վերը նշված բոլոր ենթաճյուղերի արտադրանքի արտահանման գծով գրանցվել են աճեր ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ դեպի այլ երկրներ, նաև ընդլայնվել է վերջիններիս աշխարհագրությունը:

Չնայած որ անկում է արձանագրվել «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադ¬րությունում» և «Սննդամթերքի արտադրությունում», սակայն այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 2.7 անգամ, իսկ սննդի արտադրանքինը դեպի ԱՊՀ աճել է 30.6% և այլ երկրներ` 48.1%: Ադամանդների արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 25.0%-ով:

Հարկ է նշել նաև, որ նվազում գրանցած ենթաճյուղերի ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև գների նվազումը: Մասնավորապես, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգի տվյալների (բնեղեն արտահայտությամբ), աճ է գրանցվել հետևյալ ճյուղերում.

– այլ ոչ մետաղական հանքային արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից ջրային հիմքով ներկերի գծով` 1.7%, սվաղի, լցանյութերի գծով` 68.4%, բետոնե բլոկների` 0.3%,

– հիմնային մետաղներ արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից մաքուր մոլիբդեն` 4.9 անգամ, կոնվերտերային պղինձ` 2.3 անգամ, ամրանների` 2.0 անգամ,

– ոսկերչական զարդերի արտադրություն` ձեռքի ժամացույցներ` 2.9 անգամ, իսկ ադամանդներինը` 2.4 անգամ:

Արդյունաբերության ոլորտի նշված դրական արդյունքները պայմանավորված են նաև 2015 թվականի ընթացքում իրականացված արդյունաբերության քաղաքականության ներքո իրականացված միջոցառումների արդյունավետությամբ:

2015թ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի սուբսիդավորվել են 16 ընկերության վարկերի տոկոսադրույքներ, բավարարվել է ստացած սերտիֆիկատների, կենսահամարժեքության փորձաքննության, որակի կառավարման համակարգերի ներդրման համար ծախսերի համաֆինանսավորման գծով 8 կազմակեր¬պության 12 հայտ: Կայացել են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» և «Yerevan Show» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսները:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի` մաքսատուրքի ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունների շրջանակում աջակցություն են ստացել 13 ընկերություններ:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար ամսին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%:

Հատկանշական է, որ, չնայած ձևավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշենք, որ միաժամանակ ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաև առևտրային հաշվեկշիռը:

Հայերեն English Русский

Գյումրիում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/09/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/09/26

Նավթի գներն աճել են - 24/09/26

Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը համարում են խաղաղության օգուտների գործնական օրինակ

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից