Տնտեսություն

Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանի մոտ գործող «Արազ» ազատ առևտրի գոտի

2 րոպեի ընթերցում

Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանի մոտ գործող «Արազ» ազատ առևտրի գոտի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական սահմանի մոտ գտնվող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերության գոտին պատրաստ է հայկական և իրանական մասնավոր հատվածների համատեղ ներդրումների ներգրավմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը, այս մասին Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ-Բաղին:

Իրանցի պաշտոնյան կարևորել է գործարար կապերի ընդլայնման գործում դեսպանների դերը և շեշտել, որ սահմանի երկու կողմերում առկա հումքի հիման վրա համատեղ ներդրումների և արտադրության կազմակերպումն էական խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:

Նա նաև հրավիրել է հայ գործարարներին այցելելու իրենց ազատ առևտրի գոտի և շեշտել, որ իրենք կտրամադրեն համապատասխան մասնագետների հայ գործարարներին տվյալ գոտում ներդրումների առավելությունները ներկայացնելու համար:

Դեսպան Թումանյանն իր հերթին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարող են հավելյալ խթան դառնալ հայ ներդրողների համար «Արազ» գոտում գործունեություն ծավալելու առումով:

Հայ դիվանագետն անդրադարձել է նաև Արաքս գետի աղտոտման խնդրին` ընդգծելով, որ դա Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան Իրանի և շեշտել, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը խնդրի կարգավորման համար:

Արտաշես Թումանյանն այցելել է նաև «Արազ» գոտում գործող ջերմոց և մի շարք արտադրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում