Համեստ հանճարը. Տիգրան Մանսուրյանը 77 տարեկան է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համեստ, ազնվազարմ, պարկեշտ, հանճարեղ.նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ նմուշներից են: Նա իր գործերով նոր գույն, նոր որակ բերեց համաշխարհային երաժշտության մեջ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 77 տարեկան է:

«Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանճարեղ կոմպոզիտորի մասին մի առիթով ասել է հայ գրականության կարկառուն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:

Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների:

Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Մանսուրյանի մտքերից ծաղկաքաղ:

***

«Ես ընդամենը աշխատող մեկն եմ։ Իմ երաժշտության մեջ շուկայական արժեքների, նրա երկար կամ կարճ ապրելու, ինձանից հետո նրա գոյության շարունակականության և այս կարգի հարցերի մասին ես ի՞նչ ասեմ… գուշակություննե՞ր անեմ»:

***

«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերենով, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ ինչպե՞ս է իրենց Ծաղիկ կովը: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»:

***

«Մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»:

***

«Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել»:

***

«Ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի»:

***

Մանսուրյանը`Կոմիտասի մասին

«Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է: Նա իր գործունեության ընթացքում տարբեր շերտերում է աշխատել: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը…»:

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս