Քիմ Քարդաշյանի այցը շեշտակի բարձրացրել է Հայաստանի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում. Արման Խաչատրյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը բացահայտում է, որ զբոսաշրջության խթանմանն ուղղված իր ծրագրերի շարքում մասնակցություն է ունեցելամերիկահայ Քարդաշյանների ընտանիքի, ինչպես նաև ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան Օ'Բրայանի` Հայաստան այցի կազմակերպմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը` նշելով, որ «հիմա կարող են բացահայտ խոսել դրա մասին» ու հայտնել, որՀայաստանյան այցը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Սիմա տուրս Ամերիկա» ընկերության համագործակցությամբ:
«Դժվար է ասել, թե որքան է եղել Քիմ Քարդաշյանի այցի և դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի միջև կապը, բայց ակնհայտ է, որ Քիմ Քարդաշյանի այցելությունը շեշտակիորեն բարձրացրել է Հայաստանի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում: Տարբեր գնահատականներ են հնչել, թե այցը Հայաստանի համար 50 միլիոն, 100 միլիոն դոլարի PR է ապահովել»,-ասաց Արման Խաչատրյանը:
Նրա խոսքով` փաստն այն է, որ այցի օրերին ամբողջ աշխարհն ապրում էր Հայաստանով: «Այդ մի քանի օրերի ընթացքում շատ մարդիկ Հայաստանը գտան քարտեզի վրա ու ասոցացրեցին այն հայուհու հետ, կարծում եմ` դա մեծ խթան էր Հայաստանի ճանաչելիության և Հայոց ցեղասպանության ճանաչման բարձրացման հարցում»,-ընդգծեց Արման Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Քոնան Օ'Բրայանի այցին, ապա նկարահանվել է Հայաստանի թեմայով 14 հոլովակ, որոնցից առաջինի ցուցադրումը հեռուսատեսությամբ դիտել է 1.3 միլիոն մարդ, որն, ըստ Խաչատրյանի, մեծ ճանաչում է ապահովել Հայաստանի համար: «Մենք աշխատում ենք տարբեր մարդկանց հետ, պլանավորում ենք մեկ-երկու այցելություն 2016-ին: Թե որքանով կստացվի, չեմ կարող ասել. այդ մարդիկ իրենց քմահաճույքներն ունեն: Բայց հուսով ենք, որ մյուս տարի գոնե մեկ նման այց կկազամակերպենք դեպի Հայաստան»,-նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:
Հարցին, թե արդոք «ծախս-արդյունք հարաբերակցությունը գոհացրել է հիմնադրամին»` Արման Խաչատրյանը պատասխանեց.«Այո, մենք համարյա ոչինչ չենք ծախսել: Այս պարագայում ծախսի բաղադրիչը չկա, կա միայն արդյունքը»:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել էին մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության արժանացավ նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը:
Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան Օ'Բրայանն էլ հոկտեմբերին էր այցելել Հայաստան իր օգնական Սոնա Մովսեսյանի հետ, նա Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո: Քոնան Օ'Բրայանը ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար է, միայն «Թվիթեր» սոցիալական ցանցում ունի 18 միլիոն հետևորդ: