Հունաստանում տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի Պատերազմի թանգարանում Հունաստանի նախկին դեսպանների «Դիվանագետների շրջանակ» ակումբի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հունական դիվանագիտական, զինվորական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր ատյաններում գործադրվող ջանքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, պատվավոր դեսպան Մանոս Մեգալոկոնոմոսը բանախոսել է «Կենսական տարածք և ցեղասպանություն» թեմայով: Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտը, իսկ Հունաստանի ԱԳՆ իրավաբանական վարչության նախկին պետ Վասիլիս Պատրոնասը խոսել է Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին: