Մինչև հայերին ճանաչելն իմ աշխարհը շատ աղքատ էր. Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քեմալ Յալչնին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է. «Ուրախ եմ հանդիպել հարգարժան գրողին և «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ուրախ եմ նաև, որ Կարինե Քոչարյանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործությունը թատերականացվել է: Ծանոթ եմ գրքի բովանդակությանը և ուզում եմ ընդգծել, որ կարևոր է, երբ մեզ համար ցավոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առավել գնահատելի է թուրք մտավորականության կեցվածքը հարցի վերաբերյալ: Այս իմաստով պարոն Յալչնն ապացուցում է, որ ճշմարտությունը նրա համար ավելի կարևոր է, քան ազգությունը:

Մեծապես գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախությունը և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու կարողությունը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանությունները հանցագործությունից 100 տարի անց էլ չեն ուզում ընդունել կատարվածը և իրենց ուսերից թոթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնավոր դոլլարներ են ծախսում իրենց ժխտողական քաղաքականությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու վրա: Ավելին, այսօր էլ տարբեր դրսևորումներով ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց նախարարը՝ խոսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազուրկ եղած սփյուռքահայության ամենօրյա հոգեկան տվայտանքների և այլ իրողությունների մասին:

Խորին ցավակցություն հայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարված վայրագությունների համար` Քեմալ Յալչնը նշել է. «Ինձ համար պատիվ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, և միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացա ամբողջ ճշմարտությունը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է, որ վերականգնվի Հայաստանի և Թուրքիայի սահմանները միացնող կամուրջը: Ես հավատում եմ, կգա օրը, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանում, և իհարկե, թուրքերը պարտավոր են այս ամենի համար երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:

Այնուհետև գրողը խոսել է Երևանից ստացած իր տպավորությունների մասին՝ նշելով, որ չափազանց տպավորված է` տեսնելով, թե ինչպես Երևանի փողոցները կրում են գրողների, բարեգործների և արվեստագետների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անվանակոչվում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաև հույս է հայտնել, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կզարգանան՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և դա կտա իր ցանկալի արդյունքը: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցավը հաղթահարելու ճանապարհին»,-նշել է նա:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Քեմալ Յալչնին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշանվերներ և նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը: Նախարարը նաև հաջողություն է մաղթել «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին և հույս հայտնել, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կառնչվեն ոչ միայն հիշողության ցավին, այլև ճշմարտության լույսին:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ