Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցին փոխանցվել է հայ համայնքին
4 րոպեի ընթերցում

ՊՐԱՀԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցին փոխանցվել էՀայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Հոկտեմբերի 11-ին պատմական այս իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդմ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները նպաստել ենբանակցությունների ավարտին եւ տվել իրենց դրական արդյունքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Պրահայի հայկական «Օրեր»լրատվականը, 14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգու եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել է ժամերգությամբ, գոհաբանական աղոթքով, որին մասնակցել են Հայր Բարսեղը, Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ Հայկ սարկավագ Ութիջյանը։
Ժամերգությունից հետո կարդինալ Դուկային շնորհակալանքի խոսք է ասել Հայր Բարսեղը` նշելով, որ եկեղեցու հանձնումըքրիստոնեական սիրո ու եղբայրության արտահայտություն էր։ Հայր Բարսեղը ներկա հավատացյալներին կոչ է արել այսուհետ իրենց աղոթքներով լցնել եկեղեցին եւ զորացնել։ «Եկեղեցին միայն պատերը չեն, այն պետք է պահենք, պահպանենք եւ հոգտանենք մեր միասնական ջանքերով»,-ասել է նա։

Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, շնորհավորելով չեխահայ համայնքին, նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհակալանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցում կարդինալ Դուկային եւ նոյեմբերի 3-ին նրան սպասում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Նա մաղթել է, որ այսուհետ եկեղեցու Սուրբ հոգին ուղեկցի հայ հավատացյալ համայնքին եւ հայությունն իր ամենօրյա աղոթքներով կլցնի տաճարը։
Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, նույնպես շնորհակալություն հայտնելով չեխ ժողովրդին եւ կարդինալ Դուկային,փոխանցել է Հայաստանի կառավարության շնորհավորանքները։ Նա նշել է, որ չեխահայ համայնքի, եկեղեցու եւ պետության հավաքական ջանքերն ի վերջո տվեցին նման դրական արդյունք։ «Հայությունն այնպես է դրսեւորել իրեն, որ արժանացել է նման վստահության չեխ եկեղեցու կողմից, եւ այժմ մեծ պատասխանատվությամբ պետք է հոգ տանել եկեղեցու համար, ոչ միայն պահելով, այլեւ շենացնելով»,-ասել է դեսպանը։
Ներկաներին ողջունել եւ շնորհավորել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան։ Նա անդրադարձել է հայ եկեղեցու եւ հայության քրիստոնեական ժառանգությանը, այն ողբերգությանը, որ 1915 թվականին տեսել է հայ ժողովուրդը, ինչի մասին վկայել է նաեւ պրահայաբնակ գրող Ֆրանց Վերֆելը։ Կարդինալը նաեւ նշել է, որ այս օրը տոն է բոլորի համար, եւ շնորհավորել է չեխահայությանը այս առիթով։
Ելույթի ավարտին կարդինալ Դուկան եկեղեցու խորհրդանշական բանալին հանձնել է Հայր Բարսեղին։ Ներկաներին որպես օրվա հիշատակ բաժանվել են նաեւ փայտե խաչեր։

Արարողությանը ներկա են եղել Չեխիայի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Մարեկ Բենդան, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Եկեղեցում ներկա հայերը ուրախությամբ շնորհավորել են միմյանց եւ մոմավառությամբ աղոթել։
Հայերը Պրահայում երբեւէ եկեղեցի չեն ունեցել, բայց վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվել են հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ Սուրբ Յիլիի եկեղեցում։ Սուրբ Հոգու եկեղեցին գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում: