Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով ԱՄՆ նախկին սենատորը պարգևատրվել է «Երախտագիտության» մրցանակով
2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության և հայ զոհերի նկատմամբ հանրությանն ուշադրությունը գրավելու ջանքերի համար ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է «Երախտագիտության» մրցանակով: Մրցանակը հանձնել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ազգային ոգեկոչում» նախաձեռնությունը, որն ստեղծվել է ԱՄՆ-ում Հայ Առաքելական Եկեղեցու արևելյան և արևմտյան թեմերի և առաջնորդարանի համատեղ ջանքերով: «Չպետք է մոռանալ, որ դեռ շատ անելիքներ կան մեկ դար առաջ տեղի ունեցածի միջազգային ճանաչման համար: Միայն ընդունելով և ճանաչելով անցյալն այնպիսին, ինչպիսին այն կա, որքան էլ որ դա ցավոտ լինի՝ աշխարհը կարող է իսկապես ապաքինվել և ապահովել ցեղասպանություններից զերծ ապագա»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան KRSLռադիոկայանի կայքը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար` նշել է նախկին սենատորը:
Ամերիկացի քաղաքական գործիչ Բոբ Դոլը 1969 – 1996 թվականներին եղել է ԱՄՆ Սենատի անդամ՝ ներկայացնելով Կանզաս նահանգը: Նա երկար տարիներ եղել է հայկական համայնքի բարեկամը: Իսկ 1990 թ. Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցին Դոլը խստորեն կշտամբել է Սենատին, որը հրաժարվել էր հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: