ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 5 տարում Կանադայում բնակություն է հաստատել 500 սիրիահայ ընտանիք և 4 հազար իրաքահայ: Հարյուրավոր այլ փախստականներ դեռ սպասում են իրենց դիմումների ընդունման գործընթացի ավարտին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայ-կանադական պահպանողական ընկերության փոխնախագահ Սևան Հաջինյանը: Նրա խոսքով՝ հայերը գաղթում են Կանադա հիմնականում այսպես կոչված Հովանավորչական պայմանագրերի միջոցով, ինչը նշանակում է, որ որևէ կազմակերպություն, ընտանիքի անդամ կամ ծանոթ պայմանագրով պատասխանատվություն է ստանձնում իր վրա վերցնել փախստականի մեկ տարվա կեցությունն այդ երկրում:
Կանադայում Սիրիայի և Իրաքի հայ փախստականներին աջակցություն են ցուցաբերում երեք հայկական կառույցներ՝ «Հայ տունը» Մոնրեալում, Հայ համայնքի կենտրոնը և Սուրբ Երրորդություն եկեղեցին Տորոնտոյում. դրանք օգնում են կարիքավոր ընտանիքներին տուն վարձել, աշխատանք և երեխաների համար դպրոցներ գտնել:
Իսկ բոլորովին վերջերս Կանադայի կառավարության Քաղաքացիության և ներգաղթի վարչությունը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընդունել 10 հազար սիրիացի փախստականի և մինչև 2015 թվականի ավարտը վերաբնակեցնել 23 հազար իրաքցիների: Այս կերպ կառավարությունը 15 ամիս շուտ կավարտի սիրիացի փախստականների օգնությանն ուղղված նախագիծը, որն առաջ էր քաշել վարչապետ Ստեֆան Հարփերը:
2011 թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո մոտ 9 միլիոն սիրիացիներ են տեղահանվել՝ գաղթելով այլ երկրներ կամ Սիրիայի այլ շրջաններ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ավելի քան 3 միլիոնը գաղթել են հարևան երկրներ՝ Թուրքիա, Լիբանան, Հորդանան և Իրաք, այնինչ ընդամենը 150 հազարն է օթևան գտել եվրոպական երկրներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալներով` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայի 17 հազար քաղաքացի է ժամանել Հայաստան, որոնք մեծամասամբ էթնիկ հայեր են: 2015թ. հուլիս դրությամբ նրանցից մոտավորապես 13 հազարը մնացել և պաշտպանություն են գտել Հայաստանում: The Economist-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանն ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ եվրոպական երկիրն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո:
ՀՀ կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություններ (15 հազար անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն), ապաստանի դիմումների արագացված քննում և արագացված կարգով մուտքի վիզաներ, միջին և երկարատև կացության կարգավիճակ: