ԼԻՈՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կստեղծվի Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց, որի նպատակն է միավորել հայ գործարարներին, զարգացնել նրանց միջև տնտեսական կապերն ու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` որպես տարածաշրջանի հետ կամուրջ հանդիսացող երկիր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ Հիլդա Չոբոյանը նշեց, որ նորաստեղծ կազմակերպությունը կգնահատի և կփորձի օգտագործել նաեւ Միջին Արեւելքում, ԱՄՆ-ում, ԱՊՀ-ում եւ Իրանում գործող հայկական սփյուռքի տնտեսական կարողությունները:
Ցանցի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Լիոնի Ռոն-ալպյան տարածաշրջանի խորհրդարանի դահլիճում: Բացման արարողությանը կմասնակցեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, ֆրանսիացի և ֆրանսահայ բազմաթիվ բիզնեսմեններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: