Լիբանանում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հուլիսի 18-20-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատությունում տեղի է ունեցել «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես են եկել «Թռչնոց բույն»-ի խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը, բարերար Ալեկո Բեզիկյանը, Ջբեյլի քաղաքապետ Զիադ Հավադը, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, մարոնի պատրիարք Բշարա Ռայը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արամ Ա կաթողիկոսը, ով իր գնահատանքն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ վերջիններիս մասնակցությունը թանգարանի բացմանը հայ ժողովրդի պայքարի զորակցության վկայություն է:

Նույն օրը երեկոյան Բիքֆայայի Աստվածամոր հայ առաքելական վանքում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Հուլիսի 19-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ: Նույն օրը Բիքֆայայի Սուրբ Աստվածամոր վանական համալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ անվանի երգահանների ստեղծագործությունները: Ելույթներով հանդես են եկել նաև աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը:

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Այնթուրա, որտեղ տեղադրված է Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին նվիրված հուշարձանը: Նույն օրը դեսպան Քոչարյանի ուղեկցությամբ նախարար Հակոբյանը Բիքֆայայում հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ