Սփյուռք

Սփյուռքի նախարարն «Արի տուն» ծրագրի մասնակիցներին հորդորել է հավատարիմ մնալ ազգային արժեքներին

2 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարն «Արի տուն» ծրագրի մասնակիցներին հորդորել է հավատարիմ մնալ ազգային արժեքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Ուզում եմ հավատալ, որ այս 14 օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի: Յուրաքանչյուր հայի համար աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է, դուք միշտ խոսեք հայերեն: Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝ նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: Մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք, հավատում ենք, և ուզում ենք, որ ձեր դպրոցում լինեք առաջինը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»: Նախարարը հորդորել է հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը:

Օրհնության խոսք է ասել տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Արիտունցիները հանդես են եկել համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունել են Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:

Ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 150 երիտասարդ աշխարհի 17 երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում