Սփյուռք

ԱՄՆ հայկական համագումարը վշտակցել է Քըրքորյանի մահվան առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ հայկական համագումարը վշտակցել է Քըրքորյանի մահվան առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների հայկական համագումարն իր խորը վշտակցությունն է հայտնել ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է համագումարի տարածած հաղորդագրության մեջ` նշելով, որ Քըրքորյանը մեծարգո գործարար էր, բարերար և ԱՄՆ հայկական համայնքի օրինակելի առաջնորդ:

«Խորապես վշտացած եմ Քըրքորյանի մահվան բոթի առնչությամբ: Նա Հայաստանի ընկերն էր, Հայկական համագումարի ընկերը և ցանկացած վայրում գտնվող հայի ընկերը: Ես մեծ պատիվ եմ ունեցել հյուրընակալելու Քըրքորյանին Հայաստան կատարած պատմական ուղևորության ժամանակ: Նա մեծ գործ է կատարել մեր հայրենիքում իր հսկայական առատաձեռնությամբ»,- նշել է ԱՄՆ հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Հրայր Հովնանյանը` անգնահատելի համարելով նաև հայ մեծանուն բարերարի դերը հայկական տնտեսության ամրապնդման մեջ: «Նա հպարտ էր իր ժառանգությամբ, իսկ ես հպարտ եմ նրան այսքան տարիներ ճանաչելու համար»,- ընդգծել է Հովնանյանը:

98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում