Սփյուռք

Հալեպահայերը չեն ցանկանում տեղահանվել

2 րոպեի ընթերցում

Հալեպահայերը չեն ցանկանում տեղահանվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ համայնքը գրեթե կազմաքանդված վիճակում է, սակայն այնտեղ ապրող փոքրաթիվ հայերը չեն ցանկանում լքել իրենց տունն ու տեղահանվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանի տվյալներով, այս պահին Հալեպում 15.000 հայ է բնակվում: Նրանք ստիպված են մնալ Հալեպում, որովհետեւ Հալեպից հեռանալու հնարավորություններ չունեն: «Հալեպահայերը դեմ են տեղահանությանը: Չենք ուզում տեղահանվել, չենք ուզում թուրքական քաղաքականությանը հետեւել: Տեղահանումը թուրքական քաղաքականության արդյունքն է, երկրորդ, երրորդ անգամ չենք ուզում տեղահանվել»,- ասաց նա:

Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրեն Անի Մելքոնյան-Բոյաջյանն էլ շեշտում է, որ վերջին չորս տարում Հալեպն ամենաշատ վնասված գաղութն է, և դպրոցներից շատերը փակվել են աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետեւանքով: «Մեր ճեմարանն անընդհատ ռմբակոծվում էր, և վախեցանք, վարժարանից դուրս եկանք ու դասերը շարունակեցինք ավելի ապահով վայրում՝ մեր ակումբում: Էլեկտրական հոսանք չունենք, մոմերի տակ ենք դաս անում, ջերմության միջոցներ չունենք: Հալեպում մնացած ընտանիքները շատ վատ վիճակում են, ինչ ունեին՝ վաճառել են ու քնում-արթնանում են ռմբակոծության տակ, իսկ ռմբակոծումները ավելի են շատացել: Շատերը չեն կարողանում գնալ, որովհետեւ միջոց չունեն: Այլեւս անհնար է դիմանալ, վախի ու սարսափի մեջ ենք ապրում»,- ասաց նա:

Նրա խոսքով, չնայած Հալեպի վրա հարձակումներին, որոշ դպրոցներ շարունակում են աշխատանքը. երբ սկսում է ռմբակոծումը, աշակերտներին իջեցնում են մառան, հետո զանգում ընտանիքներին, որ գան տանեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում