Սփյուռք

Ամերիկահայն իր քաղաքում միայնակ է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման համար

2 րոպեի ընթերցում

Ամերիկահայն իր քաղաքում միայնակ է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման համար

ԼՅՈՒԻՍ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Դելավեր նահանգի բնակիչ հայազգի Ջեք Բերբերյանն իր պարտքն է համարում Հայոց ցեղասպանության մասին իրազեկել նրանց, ոքվեր չգիտեն 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով capegazette.com կայքը, հայ գործարարի ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նահանգային օրենսդիրներ Էրին Լոպեսը և Փիթ Շվարցկոֆը հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև են ներկայացրել, որն ընդունվել է երկու պալատների կողմից:

«Նահանգի օրենսդիր երկու պալատներն էլ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը՝ Սենատը 1995 թվականին, Ներկայացուցիչների պալատը՝ 2007-ին: Սակայն այս տարի երկու պալատները միաժամանակ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է կայքը:

Լոպեսը կարևորել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ճանաչումը՝ նկատելով, որ դրանք այսօր էլ շարունակում են ազդել մարդկանց վրա: Նրա խոսքով Լյուիսի հայկական համայնքը թեև փոքր է, սակայն կենսունակ և ինտեգրված է: Հայերն այնտեղ գործարարությամբ են զբաղվում, իրենց երեխաներին ուղարկում տեղական դպրոցներ:

Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու նպատակով գրեթե ողջ ապրիլին իրեն պատկանող էլեկտրոնայի վահանակի վրա Ջեք Բերբերյանը փակցրել է «1915. Այլևս երբեք, Հայոց ցեղասպանություն» տողերը:

«Իմ տատիկը ցեղասպանության վերապրած է: Դեռ մանկությունից դա եղել է մեր մշակույթի մի մասնիկը: Ես պետք է համոզվեի, որ մենք չենք մոռանում մեր պատմությունը և արմատները»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում