ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերի կրակը կվառվի Շուշիում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական է համարել այն, որ հանդիպումը կայանում է երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի Հանրապետության նախագահը նշեց, որ այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններով հարուստ տարի է, մասնավորապես՝ նոր են ավարտվել խորհրդարանական ընտրությունները: Պատմական կարևոր իրադարձություն է համահայկական 6-րդ ամառային խաղերի անցկացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվեն Խաղերի մարզական միջոցառումներ՝ մասնավորապես ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումները: Ըստ Զաքարյանի՝ համահայկական խաղերի գաղափարը հենց միասնությունն է սպորտով:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին կվառվի Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Կոմիտեի նախագահը նշեց, որ Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառելու պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: