Քաղաքականություն

Իտալական առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ՀՀ Նախագահի այցն ու Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագը

3 րոպեի ընթերցում

Իտալական առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ՀՀ Նախագահի այցն ու Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ և հեռուստառադիոընկերություններ ակտիվորեն անդրադարձել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա պաշտոնական այցին ու ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալացի լրագրողները հայ-իտալական հարաբերություններն անվանում են ջերմ եւ շեշտում, որ այս այցելությամբ հարաբերություններն ավելի են ամրապնդվում:

Difesa-ն հատկապես կարեւորում է հայ-իտալական համագործակցությունը ռազմական ոլորտում՝ շեշտելով, որ հայ խաղաղապահները «Յունիֆիլ»-ի կազմում խաղաղարար առաքելություն են իրականացնում Լիբանանում: Կայքն այս առումով շատ է կարեւորում Նախագահ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ` հավելելով, որ հանդիպումը կնպաստի հետագայում առավել սերտ համագործակցությանը:

Նախագահի այցի մանրամասներն ու նրա ելույթները ներկայացնելով՝ իտալական լրատվամիջոցները հատկապես շեշտում են հայերի ներկայությունը Իտալիայում եւ Վատիկանում կայանալիք պատարագը:

Իտալացի մեր գործընկերները պատարագը բնութագրում են կարեւորագույն իրադարձություն: Toscanaoggi-ն այդ կապակցությամբ զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հովվապետական պատվիրակության փոխանորդ Թովմա Խաչատրյանի հետ, ով շեշտել է այն կարեւորագույն նշանակությունը, որ հաղորդելու է պատարագը հայ ժողովրդին եւ քրիստոնյա աշխարհին:

Իտալիայի ազգային լրատվական գործակալությունը՝ANSA-ն էլ հայ-իտալական հարաբերությունները, տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը վիճակագրությամբ եւ փաստերով ներկայացնելու համար զրուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ:

Napolipost.com-ն էլ անդրադարձել է Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Սուրբ Գրիգոր Հայի մասունքների վերազետեղմանը: Կայքը մանրամասն ներկայացրել է եկեղեցու պատմությունն ու այն, թե ինչպես են հայ կույսերը Գրիգոր Լուսավորչի մասունքները Կոստանդնուպոլսից տարել Նեապոլ: Հոդվածի վերջում Napolipost.com-ը շեշտում է.«Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, եւ նրանց ներկայությունն Իտալիայում շատ կարեւոր է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում