Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին հարգանքի ձեռնարկ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդարանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով առաջնորդարանի կայքը, միջոցառումն անցկացվել է մարտի 19-ին Տիգրան և Զարուհի Տեր-Ղազարյան սրահում:

Միջոցառման մեկնարկը տրվել է «Հնչյունների տարածություն» վավերագրական ամփոփ ժապավենի ցուցադրությամբ:

Արվեստաբան Թագուհի Արզումանյանը խոսել է Տիգրան Մանսուրյանի երաժշտական տաղանդի մասին և ներկայացրել Մանսուրյան երգահան և երաժշտագետին որպես հայրենիքի անգին գանձ, իր երաժշտությամբ հայրենիքն ու հայ ազգը հարստացնող արվեստագետ:

Խմբավար ու «Լարք» երաժշտանոցի հիմնադիր տնօրեն Վաչե Պարսումյանն իր տարիների մտերմության և առաջին լսած երաժշտական կտորի առթիվ իր հուշերն է ներկայացրել: Հնչել է նաև հատված Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ռեքվիեմ»-ից: Առաջնորդարանի սրբազան հայրը տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն սրբատառ կոնդակ է շնորհել Տիգրան Մանսուրյանին, որով «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում նրան: Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո շքանշանը հանձնվել է Տիգրան Մանսուրյանին: Կոմպոզիտորն իր շնորհակալության խոսքն է փոխանցել ներկաներին, ովքեր շնորհավորել են նրան նշանակալի պարգևի առթիվ:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել նրանց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերի, բազմաթիվ ներկայացումների համար:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում