Քաղաքականություն

ՀՀ Նախագահը չի կասկածում, որ ապրիլի 24-ին Իտալիայի բարձրաստիճան պատվիրակություն է լինելու Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը չի կասկածում, որ ապրիլի 24-ին Իտալիայի բարձրաստիճան պատվիրակություն է լինելու Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Հայաստանում իտալական բարձրաստիճան պատվիրակություն կայցելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտնեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ: Նախագահը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ Հայաստանն իր բարեկամ երկրներին հրավեր է ուղարկել` անկնկալելով այստեղ տեսել այդ երկրների առաջին դեմքերին` նախագահներին, վարչապետներին: «Մենք հիմա ղեկավարվում ենք մի քաղաքականությամբ, ըստ որի` մենք առաջինը չենք հայտարարում երկրների պատվիրակությունների ղեկավարների մասին, նախաընտրում ենք, որ այդ մասին հայտարարեն հենց իրենք, ինչպես դա տեղի ունեցավ Ֆրանսիայի ու Ռուսաստանի պարագաներում: Ես չեմ կասկածում, որ Իտալիայից բարձրաստիճան պատվիրակություն է լինելու, առավել ևս, որ ապրիլի առաջին կեսին ես պաշտոնական այց եմ ունենալու Իտալիա»,- նշեց ՀՀ Նախագահը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում կհանդիպի Իտալիայի նորընտրի նախագահին ու վարչապետին: Սերժ սարգսյանն ընդգծեց, որ հենց այդ ժամանակ էլ հստակություն կլինի պատվիրակության հարցում:

«Այս այցի ընթացքում նախատեսվում է այցելություն Նեապոլ, որտեղ մեծ արարողություն է լինելու` նվիրված Գրիգոր Լուսավորչին և Հայոց ցեղասպանությանը»,- տեղեկացրեց նա:

Մարտի 18-20-ը Երևանում անցկացվում է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիախորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է մեկտեղել 34 երկրների միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում