Քաղաքականություն

ՀԱԿ-ը կամա թե ակամա մասնակցում է սահմանադրական բարեփոխումների քննարկումներին

4 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ը կամա թե ակամա մասնակցում է սահմանադրական բարեփոխումների քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կամա թե ակամա մասնակցում է սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին, քանի որ դեմ խոսելն էլ է մասնակցություն: Նման տեսակետ արտահայտեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Երևանում անցկանվող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հարցին: «Երբեք որևէ կուսակցություն ինձ չի կարող մեղադրել, որ ես ցանկություն չեմ ունեցել հանդիպելու և նրանց հետ հարցեր քննարկելու: Բայց մի կուսակցություն, որն անընդհատ կրկնում է, թե ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու և առավել ևս այդ թեման քննարկելու, ինչ իմաստ ուներ նրանց հրավիրելը: Բայց նաև ես բաց հրավեր եմ արել, բոլորին ասել եմ, ովքեր ցանկանում են մասնակցել այս քննարկումներին. մենք հաճույքով այդ հնարավորությունը կընձեռենք: Որոշներին, իհարկե, անձնական հրավեր եղել է` հատուկ ընդգծելու այդ ուժի կարևորությունն այդ քննարկումներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախագահը:

Հանրապետության ղեկավարի բնորոշմամբ` չկա մի հարց, որի շուրջ հայ հասարակությունը միակարծիք լինի, ինչը նաև դրական երևույթ է, և հենց դրանով էլ մենք տարբերվում ենք շատերից: «Ես վստահ եմ, որ մեզ համար նույնիսկ կենսական նշանակության հարցերում տարբեր տեսակետներ կան, ես դա վատ իմաստով չեմ ասում: Մենք միշտ դրանով ենք տարբերվել ուրիշներից, որ մեր հասարակությունում տարբեր կարծիքներ են առկա եղել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր «տրամաչափի» քաղաքական ուժերի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումներին հավանություն տալու հարցը: «Ես հանդիպել եմ առնվազն 17 կուսակցությունների հետ, բայց պարտադիր չեմ համարում, որ բոլոր հանդիպումները հեռուստացույցով լուսաբանվեն: Միայն մեր խորհրդարանական խմբակցությունում կան հինգ կուսակցությունների ներկայացուցիչներ, և ես չեմ կարծում, որ այդ ուժերն ավելի քիչ կարևոր են: Իհարկե, քաղաքական դաշտում հիմնական դերակատարները մեծ կուսակցություններն են: Այնուհանդերձ, ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահը նշեց, որ ինքն այդ հանդիպումներում անդրադարձ չի կատարել սահմանադրական բարեփոխումների բուն առարկային` տեքստին, քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի: «Ես ուղղակի նրանց հետ խոսել եմ հայեցակարգին հավանություն տալու մասին, և չի եղել մի կուսակցության ներկայացուցիչ, որը ասեր, որ պետք չի հավանություն տալ, քանի որ հավանություն տալ չի նշանակում, որ վերջնական որոշում ենք կայացրել` բարեփոխումների տեքստը մեր ժողովրդի համընդհանուր քվերարկությանը ներկայացնելու»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ երկու կարևոր հարցի` կայության և անվտանգության, և, առաջին հերթին, զինված ուժերի կառավարման շուրջ, դեռևս հստակ դիրքորոշում չկա: Վերջնական որոշում կկայացվի հստակ պատկեր լինելու դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում