ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապելը անմեղսունակ ճանաչվելու միանշանակ հիմք չի կարող լինել: Օլիգոֆրենիան հոգեկան թերզարգացվածություն է, սակայն դրանով տառապող յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ քննության առարկա պետք է դառնա նրա մեղսունակ լինել կամ չլինելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության հեղինակ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապել է օլիգոֆրենիայով: «Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել: Այսինքն, օլիգոֆրենիկ լինելը դա հիմք չէ անձին անմեղսունակ ճանաչվելու համար: Նա կարող է տվյալ իրավիճակին այնպիսի ռեակցիա տա, որ դա ընկնի անմեղսունակության տակ, սակայն նույն իրավիճակում մեկ այլ օլիգոֆրենիկ կարող է այլ ռեակցիա տալ»,- ընդգծեց իրավաբանը:
Վահագն Մարտիրոսյանը նշեց, որօլիգոֆրենիայով տառապող անձինք շատ շուտ ազդեցության տակ են ընկնում, սակայն ցանկացած պարագայում այստեղ մասնագետի, հոգեբույժի կոնկրետ եզրակացություն է պետք՝ տվյալ պահին հանցանք գործողն անմեղսունակ եղել է, թե ոչ:
Փաստաբանի համար, այս դեպքում անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպես է այդպիսի հիվանդությամբ տառապող անձը զորակոչվել բանակ և ուղարկվել է այլ երկիր ծառայելու: «Բանակ զորակոչվելուց առաջ նա մի քանի ընթացակարգեր է անցել, ենթարկվել է բուժզննումների: Եթե նման հիվանդության մասին է խոսքը, նրան ստուգել են նաև հուգեբույժները, զորակոչվելուց առաջ զրուցել է նաև հոգեբանի հետ: Եվ ինչպե՞ս կարող էր այդքան ընթացակարգերը անցնելուց հետո նա բանակ զորակոչվել, եթե տառապել է օլիգոֆրենիայով: Նշանակում է կամ ամեն ինչ նորմալ է եղել, և Պերմյակովը առողջական խնդիր չի ունեցել կամ նրան բանակ են զորակոչել օրենքի խախտումով, ինչին ես չեմ հավատում, որովհետև Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ զորակոչից առաջ իրականացվող բուժզննումները շատ խիստ են: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել երկու բան՝ կամ ռուսական լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում կամ զորակոչից առաջ նրան ստուգող մասնագետները մասնագետ չեն եղել և իրենց գործի և մասնագիտության հետ կապ չեն ունեցել»,- ասաց Մարտիրոսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում քրեական արդարադատության ոլորտի մասնագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը նշեց, որ օլիգոֆրենիայով տառապող անձի մեղսունակ կամ անմեղսունակ լինելը կախված է հիվանդության աստիճանից: Մասնագետը տեղեկացրեց, որ օլիգոֆրենիան ունի երեք աստիճան: «Ամենացածր աստիճանը դեբիլությունն է, իմբեցիլությունը միջին աստիճանն է և ամենաբարձր աստիճանն ապուշությունն է: Եվ ամենաբարձր աստիճանի դեպքում նա կարող է համարվել անմեղսունակ, բայց ես կասեի ավելին՝ բարձր աստիճանի դեպքում նա դժվար էլ այդ արարքին գնար: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ սա հոգաբանին ուղղելու հարց չէ, որովհետև անմեղսունակության հարցը որոշում են միայն հոգեբույժները: Անմեղսունակության հարցը միայն հոգեբույժների կոմպետենտության մեջ է: Միայն հոգեբույժը կարող է հստակ ասել՝ այս հիվանդությունը տանում է անմեղսունակության, թե ոչ: Թեպետ, կարելի է ենթադրել, որ, կախված հիվանդության աստիճանից, կարող է տանել, կարող է չտանել»,- եզրափակեց Գասպարյանը: