Քաղաքականություն

«Ների´ր Հայաստան». ռուսական լրատվամիջոցները սկսել են ներողություն հայցել

4 րոպեի ընթերցում

«Ների´ր Հայաստան». ռուսական լրատվամիջոցները սկսել են ներողություն հայցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ներիր, Հայաստան». այսպիսի վերտառությամբ է իր հոդվածն սկսել «Московский Комсомолец»-ի լրագրող Սերգեյ Գապոնովը` համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը և ժողովուրդը պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ծաղիկներ դնեն և հիշատակի մոմեր վառեն Հայաստանի դեսպանատան դիմաց` հարգելով Գյումրիում ընտանիքի սպանված անդամների հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուս լրագրողը նկատում է, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի քննիչներին և դատարանին հանձնելը դեռ քիչ է:

Լրագրողը կոչ է անում իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին այցելել Հայաստան և ներողություն խնդրել հայ ժողովրդից: «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն Հայաստանի նախագահի և ժողովրդի հետ: Եվ ոչ միայն դա: Ռուսական զինվորական համազգեստ կրող հանցագործի կողմից սպանվածների հարազատները ցմահ պետք է արժանան Ռուսաստանի օժանդակությանը: Եվ վերջապես դեսպանատան (ՌԴ-ում Հայաստանի) մոտ պետք է գնան մարդիկ, այնտեղ պետք է ծաղիկների բլուրներ առաջանան և վառվեն մոմեր»,- գրում է լրագրողը և հավելում. «Ահա այդ ժամանակ մենք չենք կորցնի մեր ընկերներին: Եվ այնժամ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանը մեծ պետություն է»:

Ռուսական «Взгляд» պարբերականն իր հերթին նշում է, որ Ռուսաստանը պետք է լուրջ հետևություններ կատարի Գյումրիում տեղի ունեցած ողբերությունից: «Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի գնդակահարությունը պատկերավոր կերպով ցույց տվեց, թե որքան փխրուն են Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում, և թե որքան կարևոր են դրանք: Նման ողբերգությունները կարող են կոնֆլիկտի պատճառ դառնալ պաշտոնական Մոսկվայի և իր ամենամոտ դաշնակցի միջև»,- գրում է լրատվամիջոցը:

«Զինվորը մնում է բազայի հրամանատարության վերահսկողության ներքո, սակայն հետաքննությունը կիրականացվի հիմնականում հայ ոստիկանության կողմից: Սա տրամաբանական լուծում է բոլոր տեսանկյուններից` թե´ քաղաքական, թե´ քննչական: Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները փորձում են հետևել իրավական ընթացակարգին` չվնասելով ոչ մեկի շահերին»,- հավելում է պարբերականը: Միաժամանակ ընդգծվում է, որ «տրամաբանական է ենթադրել, որ մեղավորության մեծ մասն ընկնում է բազայի սպաների ուսերին, ովքեր շատ բաներ աչքաթող են արել, սխալ են արել կամ առհասարակ ոչինչ չեն արել»:

Որոշ ռուսական լրատվամիջոցներ էլ իրենց հրապարակումներում քաղաքական երանգներ են հաղորդում Հայաստանում տեղի ունցող բողոքի ցույցերին, թեև մինչ օրս ցուցարարների և Երևանի ու Գյումրիի փողոցներ դուրս երկած հազարավոր մարդկանց հիմնական պահանջը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելն է:

BBC և The Moscow Times-ը, ներկայացնելով դեպքի մանրամասները, նշում են, որ միջադեպը լարվածություն է առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Բրիտանական մեկ այլ հեղինակավոր The Guardian-ն իր հերթին գրում է, սպանությունը անհարմար ժամանակահատվածում տեղի ունեցավ Ռուսաստանի համար, «որը վերջերս էր հայտարարել, որ պատրաստ է իր շարքերում ընդունել արտասահմանյան պայմանագրային զինծառայողների` խթանելու Հայաստանում, Բելառուսում, Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող իր ռազմաբազներում ծառայող տեղաբնիկների թիվը»: Ըստ Guardian-ի` Ավետիսյանների սպանությունը հայ-ռուսական պատմական հարաբերությունների ամրությունն ստուգելու հերթական փորձությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում