Տնտեսություն

Քսանմեկ տարի առաջ Հայաստանն աշխարհին ներկայցրեց իր ազգային արժույթը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում առաջին դրամական միավորները հայտնվել են դեռևս Ք.ա. VI-V դարերում, սակայն դրամը` որպես ազգային արժույթ, ընդունվեց միայն անցյալ դարի վերջին: 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց դրամը` մեկնարկելով ազգային արժույթի պատմության նորագույն փուլը: Հայկական դրամի պատմության, ազգային արժույթների կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցել է դրամագետ, ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մուղալյանի հետ:

-Թեև Հայաստանի նորագույն արժույթը` դրամը, ընդամենը 21 տարեկան է, սակայն պատմության ընթացքում մենք ունեցել ենք նաև դրամական այլ միավորներ: Ինչպիսի՞ վկայություններ կան դրանց վերաբերյալ:

-Դրամ բառը ծագում է հին հունարենի դրահմա բառից, որը նշանակում էր ափում եղած մետաղ: Հայաստանի տարածքից գտնված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին:Դրանք հիմնականում հին հունական և աքեմենյան դրամներ էին: Սակայն դա դեռ հիմք չէ ասելու, որ մեզ մոտ այն ժամանակաշրջանում դրամաշրջանառություն է եղել:

Ամենահին հայկական դրամները վերագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին, դրանք եղել են Ծոփքի հայոց արքաներ դրամները: Հելլենիստականժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ եւ արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: Արտաշեսյանհարստության ժամանակաշրջանից մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ, իսկ Արշակունյացհարստության դրամներ հայտնի չեն: Արշակունյաններից հետո մենք երկար ժամանակ անկախություն չենք ունեցել և հաջորդ դրամները թողարկվել են միայն 11-րդ դարում: Այդ շրջանում է ստեղծվել նաև առաջին հայատառ մետաղադրամը: Մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները, որոնք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են: Կիլիկյան պետության թողարկումներից ևս մեզ են հասել տարբեր դրամներ:

Հաջորդ շրջանն արդեն 20-րդ դարին է վերագրվում: Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկասյան կոմիսարիատ անվանումով և որոշում է ընդունվում թողարկել նոր թղթադրամների շարք:1918 թվականին Հայաստանում շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:

ԽՍՀՄ թղթադրամների և մետաղադրամների շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը` ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Մոտավորապես, 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր:

-Դրամը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ և փորձում էր դիմակայել հիպերինֆլյացիայի դրսևորումներին:Ի՞նչ նշանակություն ունեցավ ազգային արժույթի ընդունումը մեզ համար:

-Ազգային արժույթի ընդունումից հետո տնտեսությունն աստիճանաբար սկսեց կայունանալ: Բացի այդ, ազգային արժույթն անկախության խորհրդանիշ է: Այսօր կան պետութուններ, որոնք մինչ օրս չեն կարողանում պետականություն ստեղծել, քանի որ չունեն ազգային արժույթ: Դրամը մեզ համար ուներ նաև ճանաչողական նշանակություն: Ինչպես ասում են` նոր երկիր ժամանելիս մարդիկ առաջինը ծանոթանում են այդ պետության փողին:

Հայկական դրամն այսօր ունի ավանդույթներ և ճանաչում, ինչը շատ կարևոր է: Կենտրոնական բանկը թողարկում է թղթադրամներ, մետաղադրամներ և հուշադրամներ, որոնք որպես կանոն միայն արծաթից և ոսկուց են, ունենք նաև ներդրումային դրամներ: Ոչ միայն թղթադրամների, այլև հուշադրումների թողարկման հիմնական նպատակն այն է, որ մենք մեր հոգևոր և ազգային արժեքները ներկայացնենք աշխարհին, տարածենք դրանք և ճանաչելի դառնանք:

- Կեղծումներից որքանո՞վ է պաշտպանված հայկական դրամը:

-Մեր թղթադրամները և’ ձևավորմամբ, և’ պաշտապվածությամբ լավագույն թղթադրամների շարքին են դասվում: Այս առումով մենք պարծենալու տեղ ունենք: Եվ եթե շատերը ասում են, որ մոտ ապագայում էլ թղթային կամ մետաղային դրամներ չեն լինի և միայն անկանխիկ վճարումներ կարվեն, ապա փորձագետների մեծ մասի կարծիքով` դեռ շատ երկար ժամանակ մեզ դրամներ պետք կլինեն:

-Ինչպիսի՞ն է նորմատիվային դաշտը Հայաստանում , ի՞նչ ընթացակարգ է ենթադրում դրամի թողարկումը:

-Մեզ մոտ միայն պետությունը իրավունք ունի թողարկել դրամ, իսկ պետության կողմից այդ իրավասությունը տրված է միայն ՀՀ կենտրոնական բանկին: Դրամի թողարման որոշումն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Թողարկման վերաբերյալ տարբեր կենտրոնական բանկեր տարբեր մոտեցումներ ունեն: Որոշ երկրներում դրամական միավորի պատկերումն ու ձևավորումը թողնվում է նկարչի հայեցողությանը: Նրան հանձնարարություն է տրվում և հենց նա էլ մշակում է դրամի նախատիպը: Սակայն այստեղ միայն նկարչական հմտությունները քիչ են, քանի որ թղթադրամի վրա պետք է նաև պաշտպանական հատվածներ լինեն, իսկ որոշ հատվածներ պետք է զուրկ լինեն պատկերներից:

Մեզ մոտ դրամի թողարկման ընթացակարգն ուրիշ է: Հայաստանում թողարկումը միայն մրցութային կարգով է իրականանում: Առաջին մրցույթը միայն դրամանիշի դիզայնի մրցույթն է, որը հրապարակային լուսաբանվում է, և ցանկացած մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկը: Նրանց տարբերակները գալիս են կոդավորված, և ընտրող ժյուրին նախապես չգիտի, թե ովքեր են դրանք ուղարկել: Մրցութային հանձնաժողովն ու գեղարվեստական կոմիտեն իրենց կարծիքն են տալիս, որի հիման վրա էլ էսքիզներն ուղարկվում են խորհրդին, որն էլ որոշում է հաղթողին:

Երկրորդ մրցույթը տպագրության համար է: Որպես կանոն` մենք հիմա մրցույթին հրավիրում ենք միայն այն տպագրողներին, ովքեր ունեն փորձ այդ ոլորտում և կազմակերպել են եվրոյի տպագրություն և թողարկում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում բավականին բարձր են թողարկման պահանջները:

-Եթե խոսենք դրամի գրաֆիկական պատկերի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն:

-Հայկական դրամի գրաֆիկական պատկերը շատ պարզ ձև ունի. «Դ» տառը` երկու գծիկով: Դա շատ երկրներում ընդունված խորհրդանիշ է, և այն հարմար է ճանաչողական իմաստով: Խարհրդանիշի առկայությունն իր դրական կողմերն ունի, քանի որ այն նպաստում է արժույթի ճանաչմանը:

Հարցազրույցը` Գոհար Ավետսյանի

Հայերեն Русский

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին

Հունաստանում ՀՀ դեսպանը Կալամատայի քաղաքապետին բիզնես պատվիրակության հետ հրավիրել է Հայաստան

Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանը համարում են երկարաժամկետ սպառնալիք

Անպատժելիությունը հավերժացնում է տառապանքը և դուռ բացում հետագա վայրագությունների համար. Ուրուգվայի Մարդու իրավունքների քարտուղարություն

Գազայի հատվածում մեկ օրում 65 պաղեստինցի է զոհվել իսրայելական ռմբակոծությունների հետևանքով

Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել. Մարկո Ռուբիոյի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու արշավը․ Ադամ Շիֆ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է զգալիորեն ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա. Ռյուտե