Սփյուռք

Բուդապեշտում մեկնարկել է «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Բուդապեշտում մեկնարկել է «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնումնոյեմբերի 17-ից մեկնարկել ու մինչև 23-ըշարունակվելու է Y-work for Peace համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը, որը կազմակերպել է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն)՝ Եվրախորհրդի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղրդմամբ` ծրագիրը համախմբել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի 31 երիտասարդ ներկայացուցիչների: Ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ հակամարտությունների հաղթահարման ուղիների, երիտասարդական աշխատանքի, միջազգային կառույցների ու ծրագրերի, տարբեր բնագավառներում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարների մասին:

Այսօր Y-work for Peace (Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության) խորագրով ուսուցողական ծրագիրը բացել է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա պատմել է Ոստայնի նախապատրաստական աշխատանքների մասին, ներկայացրել դասընթացավարներին, Ոստայնի անդամ-կազմակերպություններին: Երիտասարդներին ողջունել ու նրանց աշխատանքներին հաջողություն է մաղթել Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն Բալինթ Մոլնարը, ով կարևորել է երիտասարդական նախաձեռնությունների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում:

Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հղել էին իրենց ուղերձները՝ քաջալերելով երիտասարդներին համատեղ անցկացնել արդյունավետ ծրագիր և դառնալ խաղաղության դեսպաններ իրենց երկրներում:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը հիմնադրվել է 2006 թվականին, Երեւանում: Այն միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից և Շվեյցարիայից:

Ոստայնի նպատակն է՝ բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել և ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում