Հայրենական արտադրության խթանումից մինչև վերազգային կորպորացիների հիմնում. ԵՏՄ-ի հնարավորությունների իրացումը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ԵՏՄ-ին անդամակցությունը համարում է շանս, որը պետք է դարձնել իրականություն: «Արմենպրես»-ի այն հարցադրմանն ի պատասխան, թե ԵՏՄ-ին միանալուց հետո ՀՀ-ն ինչ տնտեսական գերակայություններ պետք է սահմանի, Խոսրով Հարությունյանը նշեց. «Գերակայությունների տեսանկյունից` մենք պետք է փորձենք ԵՏՄ-ի մեջ իրացնել մեր համեմատական առավելություններն այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք դա անել: Որոնք ենք դրանք. առաջին հերթին, գիտելիքահեն ոլորտները` բարձր տեխնոլոգիաները, առողջապահությունը, ճշգրիտ սարքաշինությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու, հատկապես, վերամշակող արդյունաբերության ճյուղը, թեթև արդյունաբերությունը: Այս որոլտներում մենք կարող ենք ունենալ ակներև ձեռքբերումներ»,- ասաց պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը վստահ է, որ ճիշտ ներկայանալու դեպքում հնարավոր կլինի ներդրողներ ներգրավել նշյալ ոլորտներում: «Օրինակ, եթեռադիացիոն բժշկության ոլորտում, այս տնտեսական տարածքում կան պոտենցիալ ներդրողներ, ապա նրանք անհամեմատ ավելի արագ որոշում կկայացնեն` իրենց ներդրումները կատարել Հայաստանում, ուր առկա է պոտեցիալ դրա զարգացման համար` գիտական, կադրային, տեխնոլոգիական, քան մեկ այլ տեղ»,- նշեց նա` հավելելով, որ նպատակը պետք է լինի ՀՀ գործընկրներինմեր առավելությունները ճիշտ ու կոռեկտ ներկայացնելը, մյուս կողմից` նաև սեփական արտադրությունըխթանել:
«Սեփական արտադրական պոտենցիալի զարգացումը պետք է երկու ուղղությամբ ընթանա: Մի կողմից` պետք է հայրենական կապիտալը զարգացնել, բայց դա բավարար չի լինելու, քանի որ մրցունակ արտադրանք տալու համար մեզ պետք են լինելու դրսի տեխնոլոգիաները, դրսի փորձը, այսինքն` պետք կլինի արտաքին կապիտալը ներդնել մեզ մոտ: Անհրաժեշտ կլինի վերազգային կորպորացիաների ներգրավում Հայաստանում: Սա շատ բարդ խնդիր է, որի ուղղությամբ աշխատանքներ պետք է տանենք: Այս կերպ են զարգացել Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրները` Սինգապուրը, Մալայզիան, Հարավային Կորեան: Դժվար է, բայց այլընտրանք չունենք»,- համուզմունք հայտնեց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով` վերանշյալն իրագործելու համար նպաստավոր են Հայաստանի բարենպաստ հարաբերությւունները մի կողմից` ԵՏՄ-ի, մյուս կողմից` ԵՄ-ի հետ:
«Եվրոպական Միությունն անցյալ տարի ընդամենը 10 երկրի տվեց առևտրի արտոնյալ պայմաններ` GSP+ համակարգով, դրանց մեջ էր նաև Հայաստանը: Սա նշանակում է, որ հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ եվրոպական արտադրողները սեփական արտադրությունն իրենց տնտեսական տարածքում դժվարանում են իրացնել` գների հարցում կոշտ մրցակցության պատճառով, պետք է եվրոպական արտադրողին ներգրավել Հայաստան, մի կողմից` նրան խոստանալ, որ իր արտադրանքը «Made in Armenia» գրությամբ կմտնի նույն եվրոպական շուկա ավելի էժան, քանի որ ՀՀ-ում գնագոյացման բոլոր պարամետրերը ավելի նպաստավոր են ու մրցունակ, մյուս կողմից` անարգել կարող են մտնել ԵՏՄ շուկա, ինչը շատ հրապուրիչ առաջարկ է: Մնում է քայլ առ քայլ իրականացնել դա»,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը:
Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: