Տնտեսություն

Հայկական արտադրության օրգանական օճառները մեծ հետաքրքրություն են առաջացնւմ արտասահմանցիների շրջանում

3 րոպեի ընթերցում

Հայկական արտադրության օրգանական օճառները մեծ հետաքրքրություն են առաջացնւմ արտասահմանցիների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավանդական բաղադրատոմսերով և ազգային նախշերով պատրաստված օրգանական օճառները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես տեղական շուկայում, այնպես էլ օտարերկրացիների մոտ: Օճառների արտադրությանը հիմնադիրը` կին ձեռներեց Նելլի Ավետիսյանը, տարիներ շարունակ ուսումնասիրել է հայկական ավանդական բաղադրատոմսերը և փորձ արել ստեղծել իր արտադրանքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմեց, որ արտադրությունը սկսել է երկար գիտահետազոտական աշխատանքից հետո, որի ընթացքում ծանոթացել է օրգանական օճառի արտադրության գաղտնիքներին: «Ինքս մասնագիտությամբ դեղագործ եմ և ի սկզբանե նպատակ էի հետապնդում ստեղծել էկոլոգիապես մաքուր օճառ, որը նաև առողջարար կլիներ մարմնի համար: Ներկայումս արտադրում եմ ինչպես բուժիչ, այնպես էլ կոսմետիկ նշանակության օճառներ: Յուրաքանչյուր օճառի մեջ դեղատոմս կա, որտեղ նշվում է դրա օգտագործման և ազդեցությունների մասին: Ինքս իմ առջև խնդիր եմ դրել հայկական ավանդական դեղատոմսերը վերականգնել, հավաքել ժողովրդի մեջ եղած տեղեկատվությունը և ստանալ ավանդական օճառներ: Հավոզված եմ, որ օրգանական օճառները կգտնեն իրենց տեղը շուկայում»,- ասաց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն մասնակցել է մի քանի միջազգային դեղագործական ցուցահանդեսների, որտեղ իր արտադրանքը հավանության է արժանացել: «Այդ երկրներից առաջարկներ կան արտահանում կազմակերպելու համար, սակայն դեռևս մեծածավալ արտադրություն սկսելու պատրաստ չեմ, քանի որ դրա համար պետք է փոխեմ ռազմավարությունը և հարմարվեմ նոր շուկային: Ներկայումս միայն Մոսկվայում են ներկայացված այս օճառները, սակայն քիչ քանակությամբ: Էկոլոգիապես մաքուր օճառի արտադրությունը ունի իր դժվարությունները, և միանգամից մեծ քանակ դժվար է արտադրել»,-խոստովանում է նա:

Նելլի Ավետիսյանի խոսքով` Հայաստանում արտադրանքը կարելի է գտնել միայն դեղատանը, քանի որ դրա պահպանումը հատուկ ջերմաստիճանային և լուսային պայմաններ է պահանջում: Օճառները ունեն յուրահատուկ տեսք և պատկերազարդված են ազգային նախշերով: Արտադրության կազմակերպիչը վստահ է, որ Հայաստանում տարեցտարի կավելանա վստահությունը տեղական արտադրանքի նկատմամբ: «Մենք սովորաբար ավելի վստահում ենք օտար երկրներից ներկրված արտադրանքին, սակայն, կարծում եմ, ժամանակի ընթացքում տեղական արտադրությունը ևս վստահություն ձեռք կբերի»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում