ՀՀ վարչապետն առաջիկայում ծրագրում է հանդիպել Վրաստանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ
1 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոս-սեպտեմբերին կհանդիպի Վրաստանի և Ռուսաստանի վարչապետերի, Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ` այդ երկրների հետ հարաբերություններն ավելի սերտացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների և երիտասարդ բազեականների հետ զրույցում հայտնեց վարչապետը։
Նրա խոսքով` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած վերջին հանդիպմանը նախնական պայամանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ վարչապետը սեպտեմբերի 8-9-ը պետք է այցելի Հայաստան: Արդեն հայտնի է, որ օգոստոս 21-22-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ Հովիկ Աբրահամյանը քննարկելու է նաև ջավախահությանը վերաբերող հարցեր: Միաժամանակ` սեպտեմբերի 15-17-ը ակնկալվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Սրանք տնտեսական առումով մեզ համար շատ կարևոր երկրներ են, բազմաթիվ ծրագրեր կան կապված և Ռուսաստանի, և Վրաստանի ու Իրանի հետ: Նաև պետք է անձնական ջերմ հարաբերություններ ստեղծել պետական, որոշ խնդիրներ ավելի դյուրությամբ կարգավորելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: