Ագրեսիա սանձազերծած Ադրբեջանն արժանի չէ «Ֆորմուլա-1»-ի մրցաշարը հյուրընկալելու պատվին. ավստրալացի օրենսդիր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆազիոն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետությունների դեմ` հայտարարելով, որ այդ երկիրն արժանի չէ 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրանդ պրի մրցաշարը: Ավստրալացի խորհրդարանականը, ով 2013 թվականի հուլիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, խորհրդարանում բարձրաձայնել է Ադրբեջանի շարունակական բռնությունների, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, այդ երկրում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների և միջազգային հանրության կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին:
«Պետք է չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը թույլ տալու Ադրբեջանին 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրանդ պրի մրցաշարը: Նման մրացաշարը վարելու պատիվը շնորհել մի երկրի, որը որպես ագրեսոր է հանդես գալիս տարածաշրջանում և մարդու իրավունքների խախտումների ոլորտում լուրջ բացթողումներ ունի, զուրկ է տրամաբանությունից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, խորհրդարանում հայտարարել է Ամանդա Ֆազիոն:
Ավստրալացի օրենսդիրը նաև դիմել է միջազգային հանրությանը` հորդորելով դեմ կանգնել ադրբեջանական իշխանությունների ագրեսիային և այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:
Հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ինտեսնիվացրել էր իր ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի արդյունքում մեծ թվով զոհեր են եղել: Ադրբեջանի նախագահը պատերազմով էր սպառնացել հայկական կողմին անգամ Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով:
Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը 2012 թվականի հոկտեմբերին միաձայն որոշմամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: