Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հունիսի 23-ին կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Ռուսաստանի արտգործնախարարին` նախարար Նալբանդյանը նշել է, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, քննարկելու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական բնագավառներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակելու միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Լավրովն ասել է. «Ուրախ եմ նորից այցելել Երևան. մենք ունենք ամենամյա պաշտոնական փոխայցելությունների ավանդույթ, նաև հաճախակի հանդիպումներ ենք ունենում Երևանում, Մոսկվայում և տարբերի միջազգային համաժողովների շրջանակներում, և դա բնական է երկու դաշնակից երկրների և ռազմավարական գործընկերների համար»:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում` ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը, քննարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Բանակցությունների ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին։
Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ընդգծվել է, որ երկու երկրները արդյունավետորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում:
Հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնել Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նախարարները քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերը: Գոհունակություն է հայտնվել, որ 2013թ. ապրանքաշրջանառությունը ավելացել է 10 տոկոսով և կազմել 1,445 մլրդ ԱՄՆ դոլար:
Զրուցակիցները բարձր են գնահատել միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքները, ապակենտրոնացված համագործակցությունը` Հայաստանի մարզերի և ՌԴ շուրջ 70 սուբյեկտների միջև:
Նախարարները անդրադարձան նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Անդրադարձ է կատարվել ուկրաինական ճգնաժամին, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը: