Շոու բիզնես

Գյումրեցիները հնարավորություն կունենան վայելել Դի Դիկովսկու մենահամերգը

7 րոպեի ընթերցում

Գյումրեցիները հնարավորություն կունենան վայելել Դի Դիկովսկու մենահամերգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեծ հռչակ վայելող հայ երգչուհի, Իգոր Բուտման ակումբի մասնակից Դի (Դիանա) Դիկովսկին պատրաստվում է հունիսի 27-ին համերգային ծրագրով հանդես գալ Գյումրիի նորաստեղծ «Գյումրի» ջազ- ակումբում: Հունիսի 11-ի երևանյան մենահամերգից ոգեշնչված` հայ երգչուհին որոշել է իր ջերմությամբ կիսվել նաև գյումրեցիների հետ:

«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում Դի Դիկովսկին նշեց, որ Հայաստանում մենահամերգներ երբևէ չի ունեցել, երբեմն միջոցառումների ժամանակ ելույթ է ունեցել և համագործակցել է Մալխաս ակումբի հետ: «Երևանյան մենահամերգից առաջ, հավանաբար կլիմայի փոփոխության պատճառով, հիվանդացա: Ինձ համար շատ կարևոր էր այս համերգը, քանի որ առաջին անգամ էր Հայաստանում կազմակերպվում նման մասշտաբի իրադարձություն, բացի այդ, շատ կարոտել էի, և շատերն էին սպասում իմ համերգին: Ձայնս էլ փոքր-ինչ խզվել էր, բայց ամեն ինչ շատ լավ անցավ»,-մեզ հետ զրույցում նշեց Դիկովսկին:

Հատուկ համերգի համար երգչուհին հայրենիք էր բերել նաև իր բեմական հագուստները, որոնք շատերը գնահատեցին և հավանեցին:Դի Դիկովսկին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանին` իր համերգը կազմակերպելու համար:

Ազգությամբ հայ երգչուհու իսկական ազգանունը Դիկովսկի չէ: «Դիկովսկին իմ բեմական կեղծանունն է, որը կնքել են իմ ընկերները դեռ Երևանում` խառնվածքիցս ելնելով: Իմ իսկական ազգանունը հայկական է, ավարտվում է «յան» -ով, սակայն այն ոչ մի տեղ չեմ հրապարակում: Մարդիկ ինձ դիմում են ազգանունով և ոչ թե անունով»,-պարզաբանում է երգչուհին:

Դի Դիկովսկին երկար տարիներ ապրել է Երևանում, սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգչուհու ծնողները ցանկանում էին, որ նա բժիշկ դառնա, որովհետև իրենց տոհմում բոլորը բժիշկներ էին: Ինքը` երգչուհին ևս պատրաստվում էր ընդունվել հենց բժշկական համալսարան: «Հետո ողբերգություն տեղի ունեցավ, քեռիս մահացավ Արցախում, ես դադարեցրի պարապմունքներս, շատ բան փոխվեց: Պատահաբար ընդունվեցի Հումանիտար բաց համալսարան, սովորեցի երկու տարի»,-վերհիշում է Դիկովսկին:

Սակայն երաժշտությունը մշտապես «հետապնդում էր» երգչուհուն: Մի օր նա պատահաբար ծանոթանում է իր ապագա կոնցերտմայստերի հետ և խնդրում նրան, որպեսզի կոնսերվատորիայի դասախոս Օլգա Գաբայանը լսի իր կատարմամբ որևէ ստեղծագործություն:

«Ամբողջ կյանքում երազել եմ երգել: Օլգա Գաբայանից հենց ամեն ինչ սկսվեց: Գաբայանն ինձ ասաց, որ շատ հազվադեպ հանդիպող ձայն ունեմ` մեցցո-սոպրանո, հետո, սակայն, պարզվեց, որ այն կոնտրալտո է, մի տեսակ, որը շատ հազվադեպ է հանդիպում և ամենացածր կանացի ձայնն է: Այնուհետև ես 8 տարի անցկացրի կոնսերվատորիայում»,-նշեց Դիկովսկին:

2007 թվականին երգչուհին պատահաբար ծանոթանում է Լևոն Մալխասյանի հետ, ով առաջարկում է նրան երգել, և դրանից սկսում է համագործակցությունը: «Իմ ջազային պատմությունն սկսվել է Մալխասից: Լևոն Մալխասյանն ինձ համար ընկեր է, պահապան հրեշտակ, մենք որոշ առումով նման ենք իրար` ճակատագրերով, բնավորությամբ, խառնվածքով, իհարկե, ինքը շատ ավելի կենսափորձ ունի, սակայն նմանություններ եմ տեսնում»,-վերհիշում է երգչուհին:

Դիանան սկսում է երբեմն երգել ակումբում`հաճախ տոնական օրերին, հանդես է գալիս կորպորատիվ միջոցառումներին: Հետո հանկարծ մեկնում է Մոսկվա: Սկսվում է երգչուհու «մոսկովյան հեքիաթը»: Որոշ ժամանակ հետո Դին ունենում է իր բենդը և սկսում է ելույթ ունենալ Իգոր Բուտմանի ակումբում:

2011 թվականի աշնանը երգչուհու կյանքում մի կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Ստեղծվում է «Արմենիա» երգը, որի համար հետո նկարահանվում է նաև տեսահոլովակ: Դիանա Դիկովսկու համոզմամբ, երգը շատ հետաքրքիր նախապատմություն ունի:

«Մոսկվայում շատ հարազատ ընկեր ունեմ, որոնցից մեկը ժողովրդականություն վայելող երգիչ Համլետ Գևորգյանն է: Նրա հետ Շաբոլովկայի «Երևան» ռեստորանում 2011-ին հանդիպեցինք հայտնի կոմպոզիտոր Յուլիանա Դոնսկայայի հետ, ով շատ ճանաչված երգիչների համար է երգեր գրել: Համլետը երգեր էր նրան պատվիրում, հետո այնպես ստացվեց, որ նա գնաց և մնացի Յուլիանայի հետ միայնակ: Ցանկանում էինք դուրս գալ, հանկարծ տեսանք «Երևան» ռեստորանի տնօրեն Լևոն Մանուկյանին, ով երաժշտության մեծ սիրահար է: Ծանոթացավ մեզ հետ և խնդրեց Յուլիանային երգ գրել Հայաստանի մասին: Յուլիանան զարմացավ, որովհետև Հայաստանի մասին ոչինչ չգիտեր: Լևոն Մանուկյանը գտավ հարցի լուծումը` ինձ և կոմպոզիտորին Հայաստան հրավիրեց»,-փաստեց Դիկովսկին:

Սկզբում Լևոն Մանուկյանն այնքան էլ չէր հավանել «Արմենիա» երգը, իսկ Դիկովսկին շատ էր տխրել: Որոշ ժամանակ անց կոմպոզիտոր Յուլիանա Դոնսկայան կազմակերպեց ստեղծագործական երեկո, որի ընթացքում բանաստեղծուհին և Դիկովսկին կատարեցին «Արմենիա» երգը: Այն շատ սիրվեց, իսկ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց նորաստեղծ գործը:

«Այնուհետև որոշվեց , որ այն կկատարեն ռուսական էստրադայի` հայկական արմատներ ունեցող երգիչները: Երգը կատարեցին Դմիտրի Խառատյանը, Զառան, Ալեքսեյ Չումակովը, Արթուր Բեստը, Սոնան, Մարատ Բաբայանը, Եվա Ռիվասը, Վարդան, Ալեքսանդր Այվազովը և ես»,-վերհիշում է երգչուհին:

Դիկովսկին այս և հաջորդ տարվա համար բազմաթիվ ծրագրեր ունի: Աշնանը գուցե ևս մեկ մենահամերգ ունենա Երևանում, այնուհետև Թբիլիսիում: Բացի այդ, ցանկություն ունի Հայաստանում հանդես գալ ռուսահայ ջազային երաժիշտ Սերգեյ Մանուկյանի և նրա նվագախմբի հետ: Համերգը հնարավորության դեպքում կկազմակերպվի կամ այս տարվա նոյեմբերին, կամ հաջորդ տարի: Մինչ այդ Դիկովսկին պատրաստվում է հիացնել գյումրեցի ունկնդրին` պարգևելով նրան յուրահատուկ ակնթարթներ:

Դիանա Դիկովսկին ծնվել է Բաքվում, 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Օլգա Գաբայանի ղեկավարությամբ: 2007-ին ծանոթանում է Լևոն Մալխասյանի հետ, ով ամբողջությամբ փոխում է նրա կյանքը, և նա սկսում է հանդես գալ «Մալխաս» ջազ ակումբում: 2011-ից ապրում է Մոսկվայում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում