Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ հետաքրքրված են նաեւ իրանցի և սփյուռքահայ գործարարներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-իրանական սահմանի մոտ նոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը կարող է արդյունավետ լինել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Այդ ծրագրով հետաքրքրված են ոչ միայն հայաստանցի և իրանցի, այլև սփյուռքահայ գործարարներ: Այդ տնտեսական գոտում հիմնականում նախատեսվում է ստեղծել հայ-իրանական համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նախարարը:
Ճշմարիտյանը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները. այն Հայաստանի հաստատուն բարեկամ երկիրն է: Նրա խոսքով՝ Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացում Հայաստանի համար ձեռնտու է, հատկապես, եթե դա լինի ազատ տնտեսական գոտի, որտեղ կարող են ներկայացված լինել այնպիսի ոլորտներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
Տարբեր երկրների հետ արդյունաբերական ենթակառուցվածքների ձևավորման, մեծածախ առևտրի ծավալների խթանման նպատակ հետապնդող «Սյունիք» ազատ տնտեսական գոտու նախագիծը հունիսի 3-ին ներկայացվեց հայ-արաբական գործարար համաժողովի ժամանակ: Կառավարությանը ներկայացված ծրագիրը հիմնականում ուղղված է հարևան երկրների, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ արդյունաբերական ենթակառուցվածքների ձևավորմանը, մեծածախ առևտրի ծավալների մեծացմանը, ինչպես նաև Մաքսային միության երկրների հետ կապված ենթակառուցվածքների ձևավորմանը: