Թուրքիայի ծպտյալ հայերի համար իրենց ազգային ինքնությունը վեր է ամեն տեսակ քաղաքականությունից. Ավետիս Հաճեան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ծպտյալ հայերը ներկայում այնքան մեծ թիվ չեն կազմում, որ հարցականի տակ դնեն թուրքական պետության միությունը կամ լուրջ վտանգ ներկայացնեն երկրի ազգային անվտանգության համար: Սակայն ծպտյալ հայերի հարցն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ այն ժամանակ, երբ խնդիրը դիտարկում ենք, որպես Թուրքիայում մեծ գլխացավանքի վերածված քրդական հարցի բաղադրիչ մաս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նյու Յորքում գործունեություն ծավալող հայ լրագրող Ավետիս Հաճեանը, ով ուսումնասիրություն է կատարել Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ: «Քրդերը մեծ թիվ են կազմում երկրում և հատկապես 1990-ական թվականների առճակատումների, բախումների արդյունքում ցրված են ողջ երկրով մեկ: Թեպետ քաղաքական հաշիվներով, սակայն նրանք պնդում են, որ իրենք Քրդստան չեն ուզում, Թուրքիայից հողային պահանջ չունեն և ցանկանում են Թուրքիայի հետ ազատ, դեմոկրատական համադաշնություն»,- նշեց Հաճեանը` ուշադրություն հրավիրելով, սակայն, այն փաստի վրա, որ քրդերն աչք ունեն Արևմտյան Հայաստանի որոշ տարածքների վրա: «Քրդերն ասում են` Վանը մերն է, Դիարբեքիրը մերն է, որն այսօր դարձել է նրանց ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Տեղի գաղտնի հայերի մեջ շատ տարբեր նրբերանգներ կան: Նրանք, ովքեր մոտ շփման մեջ են քրդերի հետ, կիսում են նրանց քաղաքական նպատակները: Ծպտյալ հայերը մեծապես կախում ունեն այն վայրերից, որտեղ բնակվում են: Նրանց մեջ ամեն համոզմունքի տեր մարդիկ կարող են հանդիպել` հավատացյալ, անհավատ, ձախակողմյաններ, մարքսիստներ: Շատ տարբեր երանգներ կան գաղտնի հայերի մեջ: Սակայն նրանց համար իրենց ազգային ինքնությունը վեր է ամեն տեսակի քաղաքականությունից»,- ընդգծեց հայ լրագրողը:

Անդրադառնալով Համշենի հայերին և նրանց թվում ծպտյալ հայերին` Հաճեանն ընդգծեց, որ այսօր համշենցիներից շատերն են, որ հետաքրքրվում են իրենց արմատներով: «Կարծում եմ, որ ներկայում շատ քիչ համշենցիներ են, ովքեր չգիտեն կամ չեն ընդունում, որ իրենք հայ են: Նրանց մեծ մասը գիտի դրա մասին, այլ բան է` ընդունում է իր հայկական ծագումը, թե ոչ»,- ասաց նա:

Հաճեանը խոսեց նաև տարիների ընթացքում ծպտյալ հայերի նկատմամբ առկա մոտեցումների և կարծիքների շուրջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին իմացա այն ժամանակ, երբ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս սրբազանը (ով ներկայում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդն է) եկել էր մեր տուն և խոսում էր հայրիկիս հետ: Ես այդ ժամանակ 12-13 տարեկան էի, ոչինչ չգիտեի այս խնդրի մասին, անգամ այն, որ Արևմտյան Հայաստանում հայ է մնացել: Այդ ժամանակ չհավատացի, կարծեցի իղձն ու փափագն է, որ ուզում ենք նման բաներ երևակայել: Երբեք չէի մտածի, որ Սասունում հայ կա: Բայց երբ տարիներ հետո գնացի, աչքովս տեսա, որ այստեղ հայ կա, չորս քրիստոնյա ընտանիք է մնացել, բայց կան: Երբ այս աշխարհից հեռանամ, կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն է լինելու այն, որ Սասունի լեռը բարձրացա հայ հովվի հետ, ում անունը Նուրհան էր: Քրիստոնյա էր, սակայն հայերեն շատ քիչ գիտեր»,- հուզմունքով պատմեց Հաճեանը: Նա ընդգծեց, որ երբ 1981 թվականին առաջին անգամ Հարավային Ամերկայում գտնվելով լսել է Արևմտյան Հայստանի մասին, դա նրան հեռավոր մի վայր է թվացել, երազանքի իդեալ: «Գիտեինք, որ կար, բայց ո՞վ էր գնում, ո՞վ էր տեսնում: Հայաստանն էլ երազելի տեղ էր թվում: Երազում էինք Հայաստանը, Արարատը: Փակ աշխարհ էր Խորհրդային Միությունը, բայց այդպիսին էր նաև Թուրքիան և մանավանդ Արևմտյան Հայաստանը: Ո՞վ կարող էր երևակայել, որ մի օր կգնանք Վան, Էրզրում»,- ասաց Հաճեանը` ընդգծելով, որ Թուրքիայում ևս վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, սերնդի փոփոխություն:

«Ես չեմ ասում, որ այդ փոփոխությունները վերջնական են, հիմնական են, չեմ ասում, որ այդ փոփոխությունները պետք է տանեն ժողովուրդների եղբայրության ու բարեկամության, քանի որ շատ հիմնական քաղաքական, պատմական տարակարծություններ ու տարբերություններ ունենք Թուրքիայի հետ: Չեմ սիրում կիրառել այդ բառը, սակայն Հայաստանի համար Թուրքիան թշնամի պետություն է: Թեթևությամբ չեմ գործածում այս բառը, սակայն փաստորեն Թուրքիան մի պետությունը է, որը տակավին թշնամական դիրքորոշում է բռնել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության նկատմամբ: Իսկ հայությունը միայն հայրենիքը չէ, մեր սփյուռքն է, մեր մշակույթը: Բայց սա էլ պետք է նշել, որ Թուրքիայում զգալի թվով տարր կա, որը ձգտում է հաշտության Հայաստանի հետ ու Ցեղասպանության ճանաչմանը: Այդ տարրը շատ ցնցվեց Հրանտ Դինքի սպանությունից: Չեմ սիրում գործածել կրոնական փոխառություններ, սակայն մեկ ու կես միլիոն նահատակներից հետո Դինքը զոհվեց մեզ փրկելու համար»,- ասաց Հաճեանը:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի