Սփյուռք

Վարչապետը վստահեցնում է, որ քեսաբահայության խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է

2 րոպեի ընթերցում

Վարչապետը վստահեցնում է, որ քեսաբահայության խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերի խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և գործադիր մարմինը նույնպես քայլեր է ձեռնարկում՝մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետն անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն, իբր սիրիահայերի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում չէ:«Ես ուզում եմ մեր քաղաքցիներին տեղեկացնել, որ դա ամենևին այդպես չէ, մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը»,-«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետի հարցին ի պատասխան, նշել է, որ պատգամավորներից կազմված խումբն այսօր Դամակոսում է և նախատեսել է հանդիպումներ: Նրանք Երևան կվերադառնան շաբաթ օրը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը: Նրանք արդեն եղել են Լաթաքիայում, իսկ մարտի 27-ին ծրագրված է նրանց հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում