ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 24-26-ն ուխտագնացություն կկատարի Երուսաղեմ: Սուրբ Հարության տաճարում տեղի կունենա հոգեւոր առաջնորդների հետ հանդիպումը, որին կմասնակցի նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արեքպիսկոպոս Մանուկյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երուսաղեմի պատրիարքի տեղապահ սրբազան Արիս արեքսպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ հանդիպման թեման դեռեւս հայտնի չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ընդհանուր հոգեւոր խնդիրներ, հարցերն ու նոր ժամանակների մարտահրավերները:
Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը հիշեցրեց, որ 50 տարի առաջ, երբ Պողոս 6-րդ պապը հատուկ այցելություն է կատարել Իսրայել, Երուսաղեմի հայոց պատրիարքարանում հանդիպում է ունեցել նաեւ Երուսաղեմի պատրիարքի հետ:
«Պողոս 6-րդին հաջորդած երկու պապերը Երուսաղեմ կատարած այցելության ժամանակ բավարարվել են հոգեւոր հովիվների հետ ընդհանուր հանդիպմամբ` դա բացատրելով այցելության խիստ սահմանափակ ժամկետով»,- ասաց Շիրվանյանը` հավելելով, որ Հայ առաքելական եկեղեցուն ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Հռոմում եւ ողջ աշխարհում շատ բարձր են դասում եւ միշտ արժանացնում բարձրագույն հարգանքի:
Ֆրանցիսկոս առաջինի այց-ուխտագնացությունը նվիրված է հիշատակելու 50 տարի առաջ` 1964թ. Պողոս 6-րդ պապի Երուսաղեմ այցելությունն ու Երուսաղեմի հոգեւոր առաջնորդի հետ ողջագուրումը: Նախատեսվում է, որ Հռոմի պապը կայցելի նաեւ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Վատիկանի պաշտոնական կայքի ներկայացմամբ` թեպետ Պապը մեծ ցանկություն ունի առանձին հանդիպումներ եւ այցելություններ անցկացնելու հոգեւոր հովիվների հետ, սակայն այցելության կարճ ժամկետի պատճառով, դրանք օրակարգից հանվել են:
Հասմիկ Հարությունյան