Հասարակական

Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը

3 րոպեի ընթերցում

Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկավարժական համալսարանի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմել է ՀՀ հանրակրթական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի 9-րդ դասարանի ուսումնական ծրագրին համապատասխան գործնական աշխատանքների ուրվագծային քարտեզների փաթեթ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը, քարտեզները կազմված են ուսումնական ծրագրին համապատասխան. դրանց կարող եք ծանոթանալ բուհի պաշտոնական կայքի «Ուրվագծային քարտեզներ» բաժնից:

«Մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ ուրվագծային քարտեզի հետ աշխատելիս սովորողի մեջ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբյեկտների եզրագծերի համադրումը նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը, օբյեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը»,-ասել է ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանը:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի համակարգչային քարտեզագիր Տիգրան Բաբայանի խոսքով, այդ աշխատանքը ձևավորում է քարտեզագրական օրենքների, պայմանական նշանների կիրառման մշակույթը, որը խիստ անհրաժեշտ է մեր օրերում գերիշխող տեղեկատվական միջավայրում: Մասնագետները միակարծիք են` քարտեզի տեքստային հատվածի վրա աշխատելիս ինքնաբերաբար ձևավորվում է անվանումների ճիշտ ուղղագրությունը, կոորդինատային ցանցի նկատմամբ դրանց դիրքի ճշգրիտ մտապահումը:

Քարտեզների ձևավորումը, երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Հաջորդիվ կտրամադրվեն նաև մյուս դասարաններին համապատասխան ուրվագծային քարտեզների փաթեթները: Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է. այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը, այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը, արդյունքում քննվում է տեսական նյութը՝ նպաստելով թեմայի յուրացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում