Հալեպում վառելանյութի և հացի խնդիր չկա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ վառելանյութի և հացի խնդիր քաղաքում չի նկատվում: Բացի դրանից, էլեկտրաէներգիան օրվա ընթացքում սովորականից մեկ ժամ ավելի է լինում: Ստեղծված համեմատաբար հանգիստ իրավիճակը քաղաքացիների շրջանում ուրախության առիթ է ստեղծել: Այս ամենին զուգահեռ աղբյուրը նաև տեղեկացրեց, որ անակնկալներ մշտապես սպասելի են, ռմբակոծության ձայնել լսվում են հատկապես մայրամուտից հետո: Վերջին մի քանի օրերի ընթացքում ռումբերի ձայներ են լսվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասում և տեղի ունեցած կրակոցներին և պայթյուններից երկու հայեր են վիրավորվել (Սարո Մատարյանը, Ժակ Պաղջեճյանը:): Հալեպի քաղաքապետարանի շրջանում փետրվարի 27-ին նույնպես կրակոցների ձայներ են լսվել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնւոմ է, որ Հալեպի Անսարի, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ, Քալլասա թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Բացի դրանից, տասնյակ զինյալներ են սպանվել Հալեպի Կենտրոնական բանտի մերձակայքում, Խան ալ Ասլ, Հարյաթան, Քուիրս և այլ գյուղերում:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: