Սփյուռք

ԱՄՆ-ում լույս է տեսել պատմական Կեսարիա քաղաքի հայության մասին պատմող հատորը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում լույս է տեսել պատմական Կեսարիա քաղաքի հայության մասին պատմող հատորը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հրատարակվել է Կեսարիայի հայերին նվիրված «Հայկական Կեսարիա/Կայսերի և Կապադովկիա» հատորը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հատորը Կալիֆորնիայի համալսարանի «Պատմական Հայաստանի քաղաքները և գավառները» շարքի 12-րդ հրատարակությունն է` կազմված և խմբագրված պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից: Այն պատմում է Կեսարիա քաղաքի և նրա շրջակա գյուղերում բնակված հայերի պատմության, տնտեսական և հասարակական կյանքի և կրթա-մշակութային ու քաղաքական զարգացումների մասին: Հատորի կազմման իրենց ներդրումն են բերել գիտնականներ Ջեյմս Ռասելը, Ռոբերտ Թոմսոնը, Ժերարդ Դեդեյանը, Պետրոս Տեր-Մաթոսյանը և այլոք:

Կապադովկիայի պատմական Կեսարիա (Մաժաք)քաղաքն այժմ ժամանակակից Թուրքիայի Կայսերի վիլայեթի վարչական կենտրոնը: Ըստ Մովսես Խորենացու՝ քաղաքը կառուցել է Հայոց Արամ թագավորի կուսակալ Մշակը` և կոչել այն իր անունով, հետագայում անունն աղավաղվել է` դարձել Մաժաք: Իսկ ըստ հունական աղբյուրների՝ այն հիմնադրել է Կապադովկիայի թագավոր Արիարաթես IV-ը մ.թ.ա. IIդ. սկզբին:

Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ: IVդ. Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում: Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ XIդ. սկզբից Կեսարիան պատկանել է հայ իշխաններին, իսկ 1045-ին՝ Գագիկ Բ-ին:

1915թ. Կեսարիան ուներ 60-70 հազար բնակչություն, որից 20 հազարը` հայ: Հայերն զբաղվել են արհեստներով և առևտրով, հիմնել գործարաններ: Լուսավորչական հայերն ունեին երեք եկեղեցի (Ս.Աստվածածին, Ս.Լուսավորիչ, Ս.Սարգիս), ավետարանական հայերը` երկու, կաթոլիկ հայերը` մեկ: Գործել են հայկական դպրոցներ` Հայկյան, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, Ժառանգավորաց վարժարան և որբանոց, մանկապարտեզներ, ինչպես նաև՝ մասնավոր վարժարաններ:

1915թ. Մեծ եղեռնի ժամանակ թուրքական իշխանությունները Կեսարիայի հայերին բռնությամբ տեղահանել են և մեծ մասին կոտորել: Փրկվածների մի մասը տարագրվել է օտար երկրներ: 1938թ. Կեսարիայում ապրում էր եղեռնից վերապրած շուրջ 2000 հայ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում